Եվրոպահայերի երրորդ համագումարում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ մտահոգություններ են հնչել


14:56 , 18 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրյուսելում հոկտեմբերի 14-15-ը տեղի ունեցած Եվրոպահայերի երրորդ համագումարը կարևոր էր, քանի որ այնտեղ արծարծված հարցերն օրակարգային են նաև Հայաստանում: 

Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ նախորդ երկու համագումարները տեղի են ունեցել 2004-ին և 2007-ին, ուստի այս համագումարը խիստ կարևոր էր նաև վեց տարվա լռությունից հետո:

Մանոյանը նշեց, որ համագումարի առաջին օրն ավելի շուտ ներքին հայկական քննարկում էր, որ կայացավ Հայ տուն մշակութային կենտրոնում, իսկ երկրորդ օրը քննարկումները տեղի ունեցան Եվրախորհրդարանի շենքում, և մասնակցեցին նաև Եվրոպացի պատգամավորներ: Համագումարին երկու օրն էլ մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահը, փոխվարչապետը, ԱԳ նախարարը և ուրիշներ: 

Համագումարի առաջին օրը քննարկվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցեր, ընդ որում՝ շեշտվեց, որ ճանաչումից արդեն պիտի անցնեն հատուցման խնդրին: 

Նաև անդրադարձ է եղել հարցին, թե եվրոպահայ համայնքները զարգացնելու, կազմակերպելու ինչ մոդել պիտի առաջ քաշվի, քննարկվել են թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքները Եվրոպայում, դրանց հակադարձելու հնարավորությունները, նշվել է, որ անհրաժեշտ է հնարավորինս համագործակցել հայկական բոլոր կազմակերպությունների հետ: Քննարկվել են նաև Սիրիայի հայության իրավիճակը, Ջավախքի խնդիրները, որտեղ ևս կարևոր դեր է տրվել հատուկ խորհրդաժողովի անցկացմանն այս թեմաներով: 

Համագումարի երկրորդ օրը օրակարգային հարցերից են եղել Ցեղասպանությունը և միջազգային իրավունքը: Ներկա են եղել օտար երկրների փորձագետներ, նշվել է, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, դրանով կարելի է հասկանալ նաև հատուցում, որի որոշ հնարավորությունների մասին տեսակետներ են արտահայտվել: 

Օրակարգում են եղել նաև ԵՄ հետ հարաբերությունները՝ ընդհանրապես, և Հայաստանի հետ՝ մասնավորապես: Այս շրջանակներում անդրադարձ է եղել նաև Արցախի հարցի կարգավորմանը: 

«ԵԽ մեծագույն խմբակցություններից երկու երեսփոխաններ իրենց զարմանքը հայտնեցին Մաքսային միությանը մաս կազմելու Հայաստանի անակնկալ որոշման շուրջ: Մասնակիցների շրջանում կար նաև հիասթափություն ԵՄ պահվածքից, որ նա բավարար չափով չի աջակցել Հայաստանի էներգետիկ, տնտեսական անվտանգության ապահովման համար: Կարևոր էր, որ այս տարի մասնակիցների թիվը փոքր-ինչ ավել էր, նաև երկրների աշխարհագրությունն էր մեծացել՝ 180 մասնակից քսան երկրից»,- ասաց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ համագումարի ժամանակ մտահոգություն է հայտնվել հայ-թուրքական արձանագրությունների առկայության առթիվ, կարծիք է հնչել, որ դրանք պիտի հետ կանչվեն: