00:51 , 18 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիայում հազարավոր դպրոցականներ են փողոց դուրս եկել՝ բողոքելով երկու դեռահաս-ներգաղթյալներին երկրից բռնությամբ արտաքսելու դեմ, տեղեկացնում է BBC-ն:
Փարիզյան 20 դպրոցներում դասեր չեն եղել, քանի որ աշակերտները մասնակցել են դեռահասներին դպրոց վերադարձնելու և երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսին պաշտոնից ազատելու պահանջով կազմակերպված երթին:
Ակցիայի առիթ է հանդիսացել երկրի արևելքում տեղի ունեցած դեպքը, երբ կոսովցի գնչու 15-ամյա Լեոնարդա Դինրանիին ձերբակալել են դպրոցական էքսկուրսիայի ժամանակ՝ աշակերտների և ուսուցիչների աչքի առջև: Նրա ծնողները Ֆրանսիայում ապրելու 5 տարիների ընթացքում երկրում բնակվելու իրավունք չէին ստացել, հետևաբար ամբողջ ընտանիքը պետք է արտաքսվեր Ֆրանսիայից:
Անցած շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները Հայաստան են արտաքսել 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանին: Նա ձերբակալվել էր խանութում գողություն կատարելու համար, իսկ հետաքննության ժամանակ պարզվել էր, որ նա անօրինականորեն է երկիր մուտք գործել: