Բրիտանական դպրոցում երեխաներին թույլատրել են դասամիջոցներին ծխել


22:06 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հատուկ հանձնաժողովը հետաքննություն է սկսել բրիտանական դպրոցներից մեկում, երբ պարզվել է, որ ադմինիստրացիան աշակերտներին թույլատրել է ծխել խաղահրապարակում: 

Լիդսի Կենտրոնական դպրոցի աշխատակիցները 11-16 տարեկան երեխաներին թույլատրել են ճաշի ժամին ծխել դպրոցի տարածքում: Տեղեկացվում է, որ ծխախոտը երեխաներից օրվա սկզբին խլել են, այնուհետև կրկին վերադարձրել: 

Ծխելու դեմ պայքարի արշավի մասնակիցները դպրոցի ղեկավարության այդ քայլն անվանել են «ոչ տեղին և սխալ»: 

Քաղաքապետարանի կրթության բաժնի տնօրենի տեղակալը հայտարարել է, որ իրենց տեսչությունն այդ հարցին շատ լուրջ է վերաբերվում, և դպրոցի ղեկավարությանը կարգադրել է դադարեցնել «այդ գործողությունները»: 

«Մենք համոզված ենք, որ այդ գործողությունները դադարեցվել են և այլևս չեն կրկնվի», -հայտարարել է նա՝ ընդգծելով, որ երկրի բոլոր դպրոցներում ծխելը խստիվ արգելվում է, և քարոզվում է առողջ ապրելակերպը: 

Բուժաշխատողները պարբերաբար այցելում են դպրոցներ, որպեսզի խոսեն ծխելու վնասակարության և այդ կախվածությունից ազատվելու մեթոդների մասին, տեղեկացնում է Mail Online-ը: