Իսրայելի խորհրդարանում քննարկման է ներկայացվել ուշագրավ օրինագիծ է


21:10 , 17 հոկտեմբեր, 2013

Ուշագրավ օրինագիծ է քննարկման ներկայացվել Իսրայելի խորհրդարանում:Կնեսետի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Սեքսուալ ոտնձգությունների կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, ըստ որի` խորհրդարանի պատգամավորներին, պետական ծառայողներին, հասարակական գործիչներին, արգելվում է սեքսուալ բնույթի ոչ պաշտոնական հարաբերությունները կին գործընկերների հետ, անգամ այն դեպքում, երբ զուգընկերը դեմ չէ այդպիսի կապին:
Ներկայում Իսրայելում նման օրենք է գործում «գործատու-աշխատող» հարաբերություններում, ինչը հասկանալի է, քանի որ նման դեպքերում չեն բացառվում սեռական հարաբերությունները` կախյալ կարգավիճակում գտնվողի կամքին հակառակ:
Ներկայացված օրինագծում մանրամասնորեն նշվում են բոլոր այն դեպքերը, որոնք կարող են ոտնձգություն համարվել պետական ծառայողների կողմից: Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ օրինախախտներին սպառնում է քրեական հետապնդում:
Նման բնույթի քննարկումները և դրանց օրենքի ուժ շնորհելու դեպքերը նորություն չեն մերձավորարևելյան այս երկրում: Օրինակ` 2012թ. փետրվարին մարմնավաճառությունն արմատախիլ անելու նպատակով Կնեսետում մի օրինագիծ էր հաստատվել, ըստ որի` մարմնավաճառների ծառայություններից օգտվողները կարող են ազատազրկվել կես տարի ժամկետով: Այսինքն՝ հավասարապես պատժվելու են թե՛ մարմնավաճառը, թե՛ նրա հաճախորդը: