Վրաստանը պատրաստ է քննարկել Եվրասիական միության հարցը, եթե դա չհակասի եվրաինտեգրման կուրսին. Իվանիշվիլի


18:18 , 17 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ուշադիր հետևում է յուրաքանչյուր միության, որը կարող է օգտակար լինել երկրի համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին վարչապետը հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

«Մենք ուշադիր քննարկում ենք ցանկացած միության հարցը, որը կարող է ստեղծվել աշխարհում, և որը կարող է օգտակար լինել Վրաստանի համար, սակայն Եվրոպայի մի մաս դառնալու երկրի ձգտումը ոչ մի բան և ոչ ոք չի փոխի, չեն արվի ոչ մի գործողություններ, որոնք կհակասեն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին»,- ասել է Իվանիշվիլին:

Վարչապետը նշել է, որ եթե որևէ միություն հավելյալ շահ բերի Վրաստանին և չհակասի երկրի ռազմավարությանը, ապա պատրաստակամություն կլինի հետևել այդ միությանը:

«Եվրոպան մեր ռազմավարությունն է և հիմնական ուղղությունը. դա Միխեիլ Սաակաշվիլիի հայտնությունը չէ, դա Վրաստանի պատմական ձգտումն է, մեր նախնիների, քանի որ մենք Եվրոպայի մի մասն ենք: Այս ուղուն այլընտրանք չկա»,- հայտարարել է Իվանիշվիլին: