15:28 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր աղքատության համաշխարհային օրն է: Ողջ աշխարհում աղքատության լուրջ խնդիր կա. օրինակ, ԱՄՆ-ում աղքատությունը հասնում է 22 տոկոսի:
Հայաստանում աղքատության և դրա հետևանքների շուրջ լրագրողների հետ զրուցեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա մեկնաբանությամբ՝ մեր երկրում աղքատության պատճառները մի քանիսն են, օրինակ՝ արտագաղթը, տնտեսական ճգնաժամը:
Նրա հավաստմամբ՝ արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ նրանք, ովքեր ազգական ունեն արտերկրում, որը գումարներ է ուղարկում Հայաստան: Դրա փոխարեն նրանք իրենց մոտ են տանում իրենց հարազատներին և դրսում են ապրում ու աշխատում: «Այն գումարը, որ գալիս էր Հայաստան և սնում միջին և փոքր բիզնեսը, հարվածի տակ է: ՄԱԿ-ի տվյալներով՝ հազարավոր փոքր և միջին բիզնեսներ են փակվում, մենք դառնում ենք մեր տնտեսական վիճակին եռակի հարված կրող անձ»,- նշեց սոցիոլոգը:
Բանախոսն ասաց, որ երբ գյուղն էին ուսումնասիրում, պարզեցին, որ մի մասը գոյությունը պահպանում է գյուղատնտեսության միջոցով, մի փոքր մասն էլ շուկա է տանում, մի մասը շատ լավ է ապրում, հողից մեծ եկամուտներ ունի, իսկ 30 տոկոսը շատ վատ է ապրում: Երբ հարցրել են՝ ինչո՞ւ, պատասխանել են՝ թող աշխատանք տան, աշխատենք, ապրենք:
«Ասում ենք՝ միավորվեք, էժան գներով վառելիք առեք, ավելի քիչ փող ծախսեք: Հայը չի կարողանում կոլեկտիվ միավորման խնդիրը լուծել: Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում կոոպերատիվներ գոյություն ունեն, իսկ եթե նայենք մեր վիճակին, ընտանիքների կեսից ավելին իր վիճակով բավարարված չէ: Ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու»,- տեղեկացրեց Ադիբեկյանը:
Ներկայացնելով տվյալներ՝ բանախոսն ասաց, որ մարդկանց 13,6 տոկոսը հավատում է, որ գործերը վատ են և չեն լավանալու: Այդպես են մտածում նաև ստվերային տնտեսություն վարող հարուստները՝ վախենալով կորցնել ունեցածը: 83 տոկոսը հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ յուաքանչյուր 6-րդը կարծում է, որ միայն պետությունը չէ, որ մեղավոր է իր աղքատության համար: