12:19 , 17 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանում առաջիկա նախագահական ընտրությունները փաստացիորեն կդառնան կառավարության վստահության քվե: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Դա կլինի մեր մեկ տարվա աշխատանքի գնահատականը, և մենք հույս ունենք, որ մեր թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, կհաղթի հենց առաջին փուլում»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպմանը:
Իվանիշվիլին նշել է, որ իր կառավարությունն արել է ավելին, քան հնարավոր էր ակնկալել:
«Սակայն ապագայում մենք ևս անելու շատ բան ունենք»,- ասել է նա:
Վարչապետի խոսքերով՝ հիմնական ձեռքբերումը նախագահական ընտրություններին պատրաստվելու ընթացքն է:
«Մենք ապահովել ենք ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք համապատասխանում են եվրոպական բոլոր չափորոշիչներին, և դա մեր գլխավոր ձեռքբերումն է»,- ասել է նա և կոչ արել քվեարկել «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուի օգտին:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին: