Ա՛յ «շուստրիներ», դուք բոլորդ էլ հայերին «սիրում եք», մանավանդ՝ ընտրություններից առաջ


00:31 , 17 հոկտեմբեր, 2013

Replik.am-ը գրում է.

«Ես շատ եմ սիրում հայերին եւ երբեք դա չեմ թաքցրել»…Ախալքալաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այս ձևով անկեղծանալը ինձ մոտ զավեշտական տպավորություն չէր թողնի, եթե ես հանկարծակի չհիշեի Բարաք Օբամայի նմանատիպ անկեղծանալը ԱՄՆ-ում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ: Հիշո՞ւմ եք նրա սրտաճմլիկ ելույթները, ամպագոռգոռ խոստումները, ըստ որի ցեղասպանության հարցը վաղուց արդեն պետք է լուծում ստանար: Եվ ինչո՞ւ միայն Բարաք Օբաման, այսպես են պահում իրենց գրեթե բոլոր նախագահները, կամ վարչապետերը, երբ իրենց երկրում հայ համայնքը ազդեցիկ է և կարող է շոշափելի օգուտ տալ… Կարդում եմ և ծիծաղում, ծիծաղում եմ, որովհետև այդպիսի սերը միայն հեգնանքի է արժանի: Այդպիսի սերը միանգամից անհետանում է, երբ ընտրությունները ավարտվում են, ինչպես դա եղավ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ տեղեր: Քաղաքական այսպիսի ֆիգուրների սերը ընտրություններից հետո միանգամից ձևափոխվում է անտարբերությամբ: Եվ երբ նույն հայերը, ում ուղղված էին այդ սիրո խոստովանությունները, արդեն ընտրություններից հետո հիշեցնում էին նրանց իրենց խոստումների մասին, ապա ստանում են հետևյալ պատասխանը` «նման հարցերը պետք է դիտարկել խոհեմության տեսանկյունից, պետք է այնպիսի լուծում գտնել, որ երկու կողմերն էլ շահեկան դիրքերում գտնվեն», այսինքն ժողովրդական լեզվով ասած ցրում են և վերջ: Եվ հենց դա է պատճառը, որ Բիձինա Իվանիշվիլիի սիրո խոստովանությունը ես դիտում եմ հետևյալ տեսանկյունից. առջևում Վրաստանի նախագահական ընտրություններն են, և նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթի, իսկ դրա համար հայերին ոչ թե սիրել, այլ պաշտելն էլ չէր խանգարի:

Հ.Գ. Երկարատև զրույցը հայերի հետ Բիձինա Իվանիշվիլին ավարտել է հետյալ խոսքերով` «Մենք կհաղթենք նաեւ այս ընտրություններում: Ես հաստատ գիտեմ, որ այդ հաղթանակում ողջ Ախալքալաքը, մեր հայ եղբայրները, մեր հայրենակիցները կաջակցեն մեզ:Հե՛նց այստեղ տեղն է ասելու եղբայր, հե՛նց այդտեղից էլ սկսեիր, թե չէ սիրում եմ հայերին , պաշտում եմ հայերին և այլն և այլն հավատ չի ներշնչում, քանի որ այդ խոսքերը Դուք և Ձեր նմանները ասում են միայն ընտրություններից առաջ: Ժամանակն է եկել, որպեսզի մենք հասկանանք, որ հայերին բացի հայերից  ոչ ոք չի սիրում, դա բնական է և տրամաբանական: Մենք այլևս իլյուզիաներով ապրելու իրավունք չունենք:

 Կարեն Թումանյան