Ենթասպան պահանջել է, որ զինվորը շարահրապարակում իջեցնի շալվարը


23:44 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է սպաներ Ստեփան Համբարձումյանի, Հայկ Եդիգարյանի և ենթասպա Արթուր Մուրադյանի գործի դատավարությունը:

48-ամյա Ստեփան Համբարձումյանը՝ զորամասի կապի պետ, կոչումով՝ մայոր, 2011 թվականի դեկտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել օրվա վերակարգում՝ որպես զորամասի հերթապահ, հանդիսացել է պարեկային ծառայություն իրականացնող հերթափոխի, զորամասի ողջ վերակարգի պետն ու օրվա վերակարգի ծառայության կատարման պատասխանատուն:

Ըստ մեղադրանքի՝ տեղեկանալով, որ պարեկ, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռ. Խաչատրյանը որոշ ժամանակ թողել է երթուղին ու գնացել է զուգարան, «զորամասի սպայակազմի շրջանում հեղինակություն ձեռք բերելու, ժամկետային զինծառայողների նկատմամբ իր գործընկերների առավելությունն ընդգծելու նպատակով» մայոր Համբարձումյանը դրսևորել է իշխանության անգործություն, ոչինչ չի ձեռնարկել երթուղին թողնելու համար սահմանված կարգով Ռ. Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, թույլ է տվել մայոր Եդիգարյանին և նույն ստորաբաժանման ավագ, ենթասպա Արթուր Մուրադյանին, որ շարքային Խաչատրյանի նկատմամբ դրսևորեն ոչ կանոնադրական վարքագիծ: 

Ենթասպա Մուրադյանը մայոր Եդիգարյանի ներկայությամբ զորամասի շարահրապարակում հայհոյել ու հարվածներ է հասցրել Խաչատրյանին: 

Զինվորն էլ իր հերթին, ենթասպա Մուրադյանի վարքագծից դրդված, իրեն ամրակցված սվին-դանակով դիտավորյալ հարվածել է ենթասպայի ձախ ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ըստ մեղադրանքի՝ «էական վնաս է պատճառվել ծառայության կարգին, զորամասում զինծառայողների միջև տիրել են ոչ կանոնադրական հարաբերություններ, ձևավորվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ»:

Այնուհետև, տեսնելով, որ սվին-դանակով հասցված հարվածից ենթասպա Մուրադյանը վնասվածք է ստացել, մայոր Համբարձումյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, «վերադաս հրամանատարությունից տույժ կամ նկատողություն չստանալու, իր անգործությունը քողարկելու նպատակով» վերստին դրսևորել է իշխանության անգործություն: 

Նա դեպքից հետո մինչև լուսաբաց ոչինչ չի ձեռնարկել զորամասում տեղի ունեցած հանցագործության մասին վերադաս հրամանատարությանը և իրավապահ մարմիններին հայտնելու ուղղությամբ:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, մայոր Համբարձումյանը «զորամասի սպայակազմի շրջանում հեղինակություն ձեռք բերելու, իրեն որպես «փակբերան» ներկայացնելու համար» ընդառաջել է Հայկ Եդիգարյանի խնդրանքին, խեղաթյուրել է իրականությունը և առավոտյան զորամասի շտաբի պետին զեկուցել, իբր՝ զորամասում ոչ մի արտառոց բան չի կատարվել, միայն ենթասպա Մուրադյանը տանը դանակով անզգուշաբար վնասել է ոտքը:

Ստեփան Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

33-ամյա Հայկ Եդիգարյանը զորամասում ռադիոտեղորոշումային հանգույցի հրամանատար էր, կոչումով՝ մայոր: 

2011 թվականի դեկտեմբերի 16-ին նա նշանակված է եղել վերակարգում որպես պատասխանատու: 

Դեկտեմբերի 17-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում նա ականատես է եղել շարքային Ռ. Խաչատրյանի ու ենթասպա Արթուր Մուրադյանի միջև ծագած վիճաբանությանն ու քաշքշուկին, դրսևորել է իշխանության անգործություն, ոչինչ չի ձեռնարկել վեճն ու քաշքշուկը դադարեցնելու ուղղությամբ, թույլ է տվել, որ ենթասպա Մուրադյանը հայհոյի, հարվածներ հասցնի շարքային Խաչատրյանին, ու վերջինս էլ սվին-դանակով հարվածի ենթասպայի ազդրին:

Մայոր Եդիգարյանը, Մուրադյանի վնասվելուց հետո, վերջինիս հետ պայմանավորվել է, որ վնասվածք ստանալու իրական հանգամանքները թաքցնեն, խեղաթյուրեն իրականությունը: 

Նրանք խնդրել են մայոր Համբարձումյանին, որ նա զորամասի հրամանատարին զեկուցի՝ իբր Մուրադյանն անզգուշաբար վնասվել է տանը: 

Դեկտեմբերի 19-ին, երբ ծառայության է ներկայացել զորամասի հրամանատարը և տեղեկացել դեպքի իրական հանգամանքներին, մայոր Եդիգարյանը միայն այդ ժամանակ է նրան տեղեկացրել զորամասում կատարված դանակահարության մասին:

Հայկ Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:

38-ամյա Արթուր Մուրադյանը ռադիոտեղորոշումային հանգույցի ավագ է եղել, ենթասպա: 

2011 թվականի դեկտեմբերի 16-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո ընդգրկված չլինելով օրվա վերակարգում՝ գնացել է տուն: 

Դեկտեմբերի 17-ին, ժամը 1-ին Մուրադյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում վերադարձել է զորամաս, ստուգել պարեկային ծառայությունը:

Հայտնաբերելով, որ պարեկ, ժամկետային զինծառայող Ռ. Խաչատրյանը երթուղում չէ, Մուրադյանն այդ մասին հայտնել է մայոր Հայկ Եդիգարյանին:

Վերջինս Խաչատրյանին կարգադրել է ողջ հանդերձանքով իջնել շարահրապարակ, որտեղ ենթասպա Մուրադյանը հարցրել է նրա գտնվելու վայրի մասին:

Խաչատրյանն ասել է, թե զուգարանում է եղել: Մուրադյանը ծեծել է նրան, պահանջել, որ իջեցնի տաբատը, որպեսզի ինքը հավաստիանա, թե նա զուգարանում է եղել: 

Այնուհետև Մուրադյանը քաշքշել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Խաչատրյանին, պահանջել, որ նա ճիշտն ասի, թե որտեղ է եղել: 

Մուրադյանը հայհոյել է Խաչատրյանին, վերջինս էլ խիստ վիրավորվելով իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից, սվին-դանակով հարվածել է ենթասպայի ազդրին:

Արթուր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: