16:48 , 16 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Ռամիլ Սաֆարովի հարցը Հունգարիայում լայնածավալ քննարկումների թեմա է: Այն մեր կառավարության դիրքորոշումն է, այլ ոչ թե շարքային հունգարացիներինը: Հուսով եմ, որ դա խոչընդոտ չի հանդիսանա մեր հետագա հարաբերությունների համար», - նախօրեին Արցախի պետական համալսարանում կայացած հայ և հունգարացի ուսանողների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հունգարացի հայագետ դասախոս, դոկտոր Բալինտ Կովաչը:
«Karabakh-open.info»-ն հայտնում է, որ Բալինտ Կովաչը գլխավորում է 10-օրյա ճանաչողական այցով Հայաստան և Արցախ այցելող ուսանողների խումբը, ովքեր այցի ընթացքում հանդիպել են հայ ուսանողների հետ: Արցախի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում հունգարացի ուսանողները ելույթ են ունեցել հայ-հունգարական հարաբերությունների, Հունգարայի ազատության գործում ներդրում ունեցած հայերի, Հունգարիայում հայկական սփյուռքի գործունեության և այլ թեմաների մասին զեկույցներով: Արցախի ուսանողների ելույթները վերաբերել են հայ-հունգարական հարաբերությունների ներկայիս փուլին:
«Ես, իհարկե, դասախոս եմ և չեմ կարող քաղաքական որոշումներ ընդունել, սակայն հույս ունեմ, որ մեր քաղաքական գործիչներն այս իրադրությունը լուծելու ճանապարհներ կգտնեն: Այդ հարցը ապացուցում է, որ հայերը և հունգարացիներն ընկերներ են, և նրանց ընկերական հարաբերությունները պետք է շարունակվեն», - ասել է նա` շարունակելով Հունգարիայից Ադրբեջան իրականացված Ռամիլ Սաֆարովի արտահանձման թեման:
Ըստ Արցախի հեռուստատեսության կայքում տեղադրված ռեպորտաժի (http://artsakhtv.am/am/news/show/5382)` Կովաչը նշել է, որ Ռ. Սաֆարովի արտահանձնումը ճիշտ քայլ չէր, և դա պետք է ուղղվի:
Նա նաև ասել է, որ հայ-հունգարական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն. դեռ ուշ միջնադարում Հունգարիայում կազմավորվել է հզոր հայկական սփյուռք, իսկ Տրանսիլվանիայում կար 4 հայկական քաղաք: Նա նշել է, որ հայկական այդ քաղաքները նպաստել են տարածաշրջանի զարգացմանը: Բացի այդ, հունգարական զորքերում ծառայել են հայեր են, այդ թվում` գեներալներ, և նրանք պայքարել են Հունգարիայի համար:
Նա ընդգծել է, որ հայկական մշակույթը Հունգարիայում մեծ ազդեցություն ունի. նախորդ ամառ Բուդապեշտում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Տրանսիլվանիայի գրադարանում պահպանված հինավուրց հայկական Աստվածաշունչեր և ղարաբաղյան գորգեր:
«Ղարաբաղը Հայաստանի մշակույթի անբաժանելի մասն է: Կարծում եմ` քրիստոնեությունը միավորում է հայերին և հունգարացիներին, և իմ ուսանողները` կաթոլիկ թե ուղղափառ, հավատքի հետքերով են այստեղ եկել: Հայկական մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար մենք նպատակահարմար գտանք այցելել ոչ միայն Երևան, Տաթև, այլ նաև Արցախ` Գանձասար, Շուշի: Մենք կշարունակենք հայկական պատմության ուսումնասիորւթյունը Հունգարիայում և հետագայում, վստահ եմ, մեր ուսանողները իրենց աշխատանքների թեմաների համար կընտրեն Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Հայաստանի մաս կազմող Նախիջևանի պատմությունը», - եզրափակել է հունգարացի հայագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ