Դուռը դեպի Եվրոպա փակված է, բայց կողպված չէ. Ռիչարդ Կիրակոսյան


14:32 , 16 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Արեւելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկմանը, խոսելով սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու հայտարարությունից, նշեց, որ Հայաստանի համար ԵՄ Ասոցացման համաձայնագրի չստորագրելը բաց թողնված հնարավորություն և ռազմավարական սխալ էր, ու ինչ էլ խոսենք այսօր, հետ չի շրջի այդ որոշումը: Նա նշեց, որ այս որոշման հետևանքներից զատ` կարևոր է հասկանալ` ինչպես կայացվեց որոշումը, իսկ կայացվեց հանրությանը գրեթե չնախապատրաստելով:

«Սա վկայում է հայկական կառավարման համակարգի շատ ավելի խոր հիմնախնդրի` պատասխանատվության բացի մասին, ինչը ավելի խոր խնդիր է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Անդրադառնալով, թե հետայսու ի՞նչ ենք անելու, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ կարևոր է, որ ընդունվեց՝ կա ճգնաժամ, որ սա գործերի սովորական ընթացք չէ, որ այսօր Հայաստանին այլ հայացքով են նայում, իսկ Եվրոպական միությունն առաջ է շարժվում, և մեզ պետք չէ, որ առաջ շարժվեին առանց Հայաստանի: 

Նա հավելեց, որ շատ բան է ձեռք բերվել երեքուկես տարիների դժվար բանակցությունների ընթացքում, և մենք պետք է փրկենք ձեռքբերումների մեծ մասը: «Հիմա կարևորում ենք ոչ թե Ասոցացման համաձայնագիրը, այլ այն, որ Հայաստանն Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանի՝ Եվրոպական միության ապագան դահլիճում է, երիտասարդներն են, փոփոխությունների կրողներն են, Հայաստանի ապագան նրանց ձեռքերում է: 

Սեպտեմբերի 3-ի որոշումը ազդում է ապագա սերունդների վրա՝ բնապահպանական խնդիրների, անբավարար ժողովրդավարության, տնտեսական աճի խաթարման տեսանկյունից»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ-ն պետք է հասկանա, որ կորցրեց և՛ հնարավորություն, և՛ հեղինակություն: Դուռը, նրա խոսքով, դեպի Եվրոպա փակված է, բայց կողպված չէ: