12:37 , 16 հոկտեմբեր, 2013Ուշադիր հետևում էի Զորի Բալայանի բաց նամակին հետևած համացանցային արձագանքներին ու որքան ավելի էի հետև, այնքան ավելի էի զարմանում, թե որքան ինքնահավան տխմարներ ու քաղաքականությունից և պատմությունից զրոյական պատկերացում ունեցողներ ունենք մենք այսօր, ում ձայնը ոչ միայն հնչեղ է դառնում, այլև խոսքն է վարակիչ տարածվում:
Ի՞նչ եք հարձակվել Զորի Բալայանի վրա, այ պոպուլիստներ ու դատարկախոսներ: Մինչև ձեր ելույթները ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք, թե ո՞ւր էիք դուք, կամ Ձեր ծնողները, երբ պատերազմի ժամանակ Բալայանը իր կյանքն ու եռանդը չէր խնայում մեր հաղթանակին նպաստելու ու միջազգային մթնոլորտը ի օգուտ մեզ կազմավորելու համար:
Այնպիսի տպավորություն է, որ այսօր անկախության ամենամոլի հռետորները բազմոցների վրա մազոտ փորները քորող ծակ պրոֆեսորներն են ու վաղուց տղամարդու երես չտեսած կնանիք, ովքեր իրենց անհաջողակությունը փորձում են անտեսել ու ինքնահաստատվել նման տեղեկատվական առիթներով:
Այ խելոքնե՞ր, անկախությունը դա միայն բառ չի, Հայաստանը դա միայն բառ չի, պահանջատիրությունը դա միայն բառ չի ու անգամ «մեր շահերը» արտահայտությունը դատարկ խոսք չի, չնայած որ ձեր շուրթերով այդ ամենը օր օրի ավելի է արժեզրկվում:
Տկարամիտների ու դրանց խոսքից տպավորվածների համար բացահայտեմ, որ Բալայանն իրականում շատ խոհեմ բան է ուզում արած լինի, համենայն դեպս շատ ճիշտ ուղղությամբ է մտածում: Այսօր Հայաստանը չունի ոչ մարդակային, ոչ ռեսուրսային, ոչ էլ բարոյական պոտենցիալ, որպեսզի ոչ միայն հետ բերի մեր կորսյալ հողերը, այլև գոնե երաշխավորի, որ չենք կորցնի Արցախն ու ազատագրված տարածքները: Պետք է առնվազն ապուշ լինել, որպեսզի չհասականալ, որ եթե Հայաստանն իր կողքին չունենա Ռուսաստանի պես հակակշիռ, ապա երևանից 60 կիլոմետրի վրա գտնվող Թուրքիային իր միլլիոնանոց բանակով, աներևակայելի ջանքեր էլ պետք չեն լինի, որպեսզի առնվազն երևանը հողին հավասարեցնեն, էլ չխոսեմ, որ Նախջևանն ու Դաշտային Ղարաբաղը հետ բերելու հարցում մենք ինքներս դեռ մի 500 տարի պետք է մաքառենք:
Դնում մեծ-մեծ փրթում են, թե մենք ազա՜տ ենք, անկա՜խ ենք, մեր հարցերո՜վ ենք... արա, սկի մի փակ շուկ չկարողացանք պահել մի Լֆիկից, ո՞նց ենք Հայաստանը պահելու թյուրքական հորդաներից: Ու միայն մեր շահերից է բխում, որ Ռուսաստանի վերնախավին այդ ազդակները հասցվեն, որ ինքը շահագրգռված լինի կորսյալ տարածքները մեր համար (այո, հենց մեր համար, որովհետև անկախ նրանից, թե դե յուրե ում կազմում կլինեն դրանք, վստահաբար դրանք բնակեցվելու են հայերով ու կրելու են հայկական մշակույթի ու աշխարհայացքի ազդեցությունը) հետ բերելով:
Իսկ եթե դուք այդքանը չեք հասկանում, ապա բացեք բացատրական բառարանը ու գտեք «վայ-հայրենասիրություն» արտահայտության բացատրությունը, այ դա Ձեր մասին կլինի: