Դոլար ունեցողները կտուժեն. Վ. Բոստանջյան


12:29 , 16 հոկտեմբեր, 2013

Դոլար ունեցողները կտուժեն. Վ. Բոստանջյան Panorama.am-ը գրում է.

«Չեմ կարծում, թե Հայաստանը սարսափելու շատ բան ունի, քանի որ ինտեգրացիայի աստիճանը այդքան շատ ճյուղավորված չի: Այդուհանդերձ որոշակի վնասներ ու կորուստներ մենք էլ կարող ենք կրել»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտն բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության ու հատկապես Հայաստանի տնտեսության վրա նշեց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, վտանգը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը որոշ չափով դոլարիզացված է դրամաշրջանառության կտրվածքով և հենց այդ չափով է հնարավոր, որ երկիրը կրի վնասներ. «Բայց, կրկնում եմ, ընդհանուր տնտեսական շրջանառության առումով, փոքր ինտեգրացված վիճակում գտնվելով ԱՄՆ տնտեսական դաշտի հետ չեմ կարծում, որ մենք այնպիսի ծանր վիճակում կհայտնվենք, ինչպես այն երկրները, որտեղ դոլարը գրեթե ազատ ելք ու մուտք ու շրջանառություն ունի»,- նշեց Վ.Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր դեֆոլտին, ապա նախկին պատգամավորն ավելի շատ հակված է մտածել, որ դա հերթական շոուն է և ոչ մի դեֆոլտ էլ չի լինի. «Այդպես չի լինի, կտեսնենք, որ այդպես չի լինի: Պարզապես սա անուղղակի, ինչպես և իրենց բազմաթիվ քայլերը` ֆինանսական ճգնաժամը և այլն, գեոկառավարողների կողմից իրականացվող քայլեր են որոշների համար: Բայց իրականում դա չի կարող բերել այնպիսի բացասական հետևանքների, ինչպիսիք որ հայտարարվում են ու ենթադրվում են»,- կարծիք հայտնեց նա:

Եթե, այդուհանդերձ, դեֆոլտը լինի, կտուժե՞ն այն մարդիկ, ովքեր դոլարով խնայողություններ ունեն. «Իհարկե: Այն մարդիկ, ովքեր օրինական կամ ոչ օրինական, բացահայտ կամ ոչ բացահայտ դոլարային շարժ ունեն, բնականաբար կտուժեն, քանի որ դեֆոլտը նախևառաջ կբերի դոլարի արժեզրկման: Եվ հասկանալի է, որ նրանք կորուստներ կկրեն»,- ասաց Վ.Բոստանջյանն ու ավելացրեց, որ խոշոր համակարգերում նմանատիպ երևույթները կարճատև չեն լինում. «Աստված չտա, որ այդպես լինի, այլապես դա կլինի ֆինանսական ճգնաժամի երկրորդ խոշոր ալիքը, որը կարող է տարիներով իր բացասական ազդեցությունը թողնել բոլորի վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ