11:12 , 16 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Ավարտվեց Աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու խմբային մրցաշարը:
Վերջին տուրում հայտնի դարձան այն 4 վերջին հավաքականները, որոնք կմեկնեն Բրազիլիա:
F խմբում Ռուսաստանը ոչ ոքի՝ 1-1 խաղաց Ադրբեջանի հետ եւ 22 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Պորտուգալիան 3-0 հաղթեց Լյուքսեմբուրգին եւ 21 միավոր հավաքեց: Պորտուգալացիները կմասնակցեն անցումային խաղերին:
G խմբում առաջատարներ Բոսնիան եւ Հունաստանը 1-0 եւ 2-0 հաղթեցին համապատասխանաբար Լիտվային եւ Լիխտենշտեյնին: Երկու հավաքականներն էլ ունեն 25 միավոր: Բոսնիան ավելի լավ գոլային տարբերության շնորհիվ զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Հունաստանը կմասնակցի անցումային խաղերին:
H խմբում Անգլիան 2-0 հաղթեց Լեհաստանին, իսկ Ուկրաինան 8-0 ջախջախեց Սան Մարինոյին: Անգլիան 22 միավորով զբաղեցրեց 1-ին, իսկ Ուկրաինան՝ 21 միավորով 2-րդ տեղը:
I խմբում Իսպանիան 2-0 առավելության հասավ Վրաստանի նկատմամբ, իսկ Ֆրանսիան՝ 3-0 Ֆինլանդիայի: Իսպանիան ուղիղ կմեկնի Բրազիլիա, իսկ Ֆրանսիան կմասնակցի անցումային խաղերին:
Այսպիսով, Եվրոպայից 1-ին տեղով անցան Հոլանդիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բոսնիան, Բելգիան, Շվեյցարիան, Անգլիան, Ռուսաստանը, իսկ անցումային խաղերին կմասնակցեն Ռումինիան, Շվեդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Խորվաթիան, Իսլանդիան, Ուկրաինան, Պորտուգալիան:
Հարավային Ամերիկայում եւս հայտնի դարձան բոլոր հաջողակները: Արգենտինայից եւ Կոլումբիայից բացի Աշխարհի առաջնություն անցան Չիլին եւ Էկվադորը, իսկ Ուրուգվայն անցումային խաղեր կխաղա Ասիայում 5-րդ տեղը զբաղեցրած Հորդանանի հետ:
Հյուսիսային Ամերիկայում էլ ԱՄՆ-ից ու Կոստա Ռիկայից հետո իր տեղն ապահովեց Հոնդուրասը: Մեքսիկան անցումային խաղեր կխաղա Նոր Զելանդիայի հետ: