10:58 , 16 հոկտեմբեր, 2013
Footsport.am-ը գրում է.
Երեկ, 2014թ Բրազիլիայի աշխարհի առաջնության ընտրական փուլի «Բ»խմբի մրցաշարի եզրափակիչ խաղում ՀՀ ընտրանին Նեապոլում 2:2 հաշվով պատվաբեր ոչ-ոքի խաղաց աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ազգային հավաքականի հետ: Թանկարժեք վարկանիշային միավորներից զատ, այս խաղում պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Հենրիխ Մխիթարյանը, գրավելով իտալացիների դարպասը, դարձավ ՀՀ ազգային հավաքականի ռեկորդակիր: Տեղին է նշել, որ 2012-ի հոկտեմբերի 12-ին Երեւանում կայացած Իտալիայի ընտրանու հետ ընտրական առաջին խաղում (1:3) էլ Հենրիխին հաջողվել էր գրավել հռչակավոր դարպասապահ Բուֆոնի պաշտպանած դարպասը: ՀՀ ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա կիսապաշտպանը այժմ արդեն մեկ գնդակով գերազանցեց ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող ՀՀ հավաքականի մինչ այժմ լավագույն ռմբարկու համարվող մեկ այլ հանրահայտ կիսապաշտպանի, Գյումրիի «Շիրակի» խաղացող Արթուր Պետրոսյանի հրաշալի ցուցանիշը՝ 11գոլ, ով իր մարզական գործունեությունը ՀՀ հավաքականում ավարտել է 2004–ին:
Պետրոսյանը ՀՀ ազգային հավաքականում հանդես է եկել 1992-2004 թթ եւ այդ ընթացքում մասնակցելով 69 հանդիպման դարձել է 11 գոլի հեղինակ: «Շիրակի» հեղինակվոր կիսապաշտպանը, իր վերջին՝ 11-րդ գոլը խփել է Լվովում ԵՎՐՈ-2004-ի ընտրական մրցաշարի շրջանակում անցկացված Ուկրաինայի ընտրանու հետ խաղում (3:4), որտեղ նա դարձել էր ՀՀ հավաքականի խփած 3-րդ գոլի հեղինակը:
10 տարի անց Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը գերազանցած հայկական ֆուտբոլի ներկայիս սերնդի ամենավառ աստղերից մեկը հանդիսացող Հենրիխ Մխիթարյանը ՀՀ հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 15-ին Լոս Անջելեսում Պանամայի ընտրանու հետ ընկերական խաղում (1:1): Նա ՀՀ ազգային հավաքականի կազմում անցկացրել է արդեն 43 հանդիպում եւ դրանց ընթացքւոմ կարողացել է 2-ական անգամ գրավել Իտալիայի, Սլովակիայի,Անդորայի եւ 1-ական անգամ Դանիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Ուզբեկստանի, Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականների դարպասները: Մխիթարյանը իր անդրանիկ գոլը ՀՀ ազգային հավաքականի կազմում խփել է 2009-ի մարտի 28-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Էստոնիայի հավաքականի հետ 2010թ աշխարհի առաջնության ընտրական խաղում (2:2): Երիտասարդ հայ կիսապաշտպանը բացառիկ բարձր արդյունավետություն է ցուցաբերում նաեւ իր ակումբային ելույթներում (Երեւանի «Փյունիկ», Դոնեցկի «Շախտյոր» եւ«Մետալուրգ», Դորտմուդի «Բորուսիա »):
Ընդանհուր առմամբ ակումբային 245 հանդիպումներում նա արդեն հասել է 100 գոլի եզրագծին: Մխիթարյանը բացի այդ մինչեւ 17, մինչեւ 19 տարեկանների ՀՀ հավաքականների կազմերում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ, իսկ ՀՀ երիտասարդական ընտրանիում էլ հանդես է եկել 13 հանդիպումներում և 9 անգամ կարողացել է գրավել մրցակիցների դարպասը: Նախանձելի արդյունավետություն ցուցաբերող Մխիթարյանը մինչ այժմ իր մասնակցած ընդհանուր առմամբ 312 պաշտոնական հանդիպումներում 123 գոլի հեղինակ է դարձել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ