09:11 , 16 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Լրագրող Գլեն Գրինվալդը, ով հրապարակել էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած տեղեկությունները, մտադիր է ստեղծել նոր լրատվական գործակալություն:
46-ամյա Գրինվալդի խոսքով՝ ինքը կշարունակի ապրել Բրազիլիայում, սակայն գործակալությունը կտեղակայի ԱՄՆ-ում: Նա ծրագրում է հիմնական գրասենյակները բացել Նյու Յորքում, Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում: Լրագրողը մտադիր է իր պորտալում լուսաբանել կյանքի տարբեր ոլորտների իրադարձությունները, սակայն Գրինվալդի համար առաջնահերթը մնում է քաղաքականությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Լրագրողը նշել է, որ իր համագործակցությունը Guardian-ի հետ եղել է աննախադեպ արդյունավետ, և խմբագրությունը լքելու որոշումը նա կայացրել է դժվարությամբ: Guardian-ի ներկայացուցիչը հաստատել է, որ թերթն ու լրագրողը կպահպանեն լավ հարաբերությունները:
Գրինվալդը խոստացել է շուտով հրապարակել այլ մանրամասներ իր բիզնեսից, այդ թվում՝ հայտնել ֆինանսավորման աղբյուրները: