17:10 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սիրիայի պետբյուջեի ֆինանսական կորուստը շարունակվող զինված հակամարտության պատճառով այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 100 միլիարդ դոլար: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է տնտեսական հարցերով Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը:
«Կարծում եմ՝ կորուստը նախնական հաշվարկով 100 միլիարդ դոլար է, գումարած-հանած 10%, քանի որ վերջնականապես դեռևս չենք հաշվել: ՀՆԱ-ն նվազել է առնվազն 30%-ով, հնարավոր է՝ ավելի շատ»,- ասել է Ջամիլը՝ հավելելով, որ Սիրիայի տնտեսական ճգնաժամը լուծելու համար նախ անհրաժեշտ է լուծել քաղաքական խնդիրը:
Փոխվարչապետը նաև նշել է, որ սիրիական նավթային արդյունաբերությունն այժմ չի գործում:
«Այժմ նավթի արդյունահանումը զրո է: Ոչ միայն այն պատճառով, որ գոյություն ունի էմբարգո, այլև նավթի արդյունահանման շրջաններում ռազմական դրությունը շատ բարդ է»,- ասել է Ջամիլը: