Հարավային Կորեայի քաղաքացին Իրանում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ լրտեսության համար


16:58 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի դատարանը Հարավային Կորեայի քաղաքացուն դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ գաղտնի օբյեկտները լուսանկարելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Չոսոն Իլբո» թերթին:

Իրանի կառավարությունը Հարավային Կորեայի ԱԳՆ-ին ձերբակալության մասին հայտնել էր դրանից երկու օր անց: Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատգամավոր Պակ Պեն Սոկի խոսքով՝ Կիմ ազգանվամբ 44-ամյա քաղաքացին ձերբակալվել էր 2012-ի հոկտեմբերին, իսկ դատավճիռը կայացվել է այս տարվա սեպտեմբերին:

Կիմի դեմ առաջադրվել են պետանվտանգության օբյեկտների լրտեսման մեղադրանքներ, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էին ոստիկանական բաժանմունքների, օտարերկրյա դեսպանությունների, ռազմական օբյեկտների և սահմանային նշանների լուսանկարներ, որոնք նա իբր պատրաստվել է փոխանցել օտարերկրյա պետության հատուկ ծառայություններին: Դատարանում չեն հստակեցրել, թե որ պետության համար է կատարվել լրտեսումը:

Շրջագայելով Մերձավոր Արևելքով՝ Կիմը անցած տարվա հոկտեմբերի սկզբին դեպի Իրան եռամսյա զբոսաշրջային այցագիր էր ստացել հարևան երկրներից մեկում: 

Դատարանում Կիմը հերքել է մեղադրանքն ու պնդել, որ սովորական զբոսաշրջիկ է:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դեսպանության աշխատակիցները ձերբակալվածին հյուպատոսական օգնություն են ցուցաբերում և բանակցություններ վարում նրա շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: