Այսօր ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է


15:44 , 15 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

1944թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ)հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։

1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում և ըստ էության (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում գլխավոր անձանցից մեկն էր: 1955 թ. 33 տարեկանում պաշտպանել է դոկտորական թեզը։

1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը: Այնուհետև 1967-1973-ին` տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։ 1973-1978-ին նա ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան:

Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա, մշակել «Օրիոն» և «Օրիոն-2» տիեզերական համակարգերը, որոնց օգնությամբ առաջին անգամ ստուգվել են շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի կարճալիք սպեկտրագրերը։

Մշակել է երկթաղանթ միգամածությունների առաջացման տեսությունը, ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ձևերի առաջացման գործում մագնիսական դաշտի նշանակությունը, մշակել է աստղերի բռնկման տեսություն հիմնված նրանցում տեղի ունեցող ոչ ջերմային երևույթների վրա։

Գուրզադյանը ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։

1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության հիմնադիրներից մեկն է։

Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն (ԳՄ) և ռենտգենյան դիտումները (առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար բազայից)։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»: 1971-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր «Օրիոն-2»-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973-ի դեկտեմբերին։