15:26 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճը վերականգնվում է և 2013թ.-ին կհասնի 2.2 տոկոսի, իսկ 2014թ.-ին արդեն 3.1 տոկոսի: Այս մասին հայտարարել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ՀԲ և ԱՄՀ ամենամյա հավաքի ժամանակ:
Չնայած դրան, Համաշխարհային բանկը կարծում է, որ այդ տարածաշրջանի տնտեսությունը համեմատաբար դանդաղ է աճելու և բավական զգայուն է լինելու ռիսկերին նկատմամբ, որոնք բնորոշ են արագ փոփոխվող համաշխարհային տնտեսությանը:
Համաշխարհային բանկը ռիսկային է համարում հատկապես ԱՄՆ-ում տիրող իրավիճակը, որը կարող է նոր անկման առիթ դառնալ:
Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայում տնտեսական աճն ըստ Համաշխարհային բանկի վերականգնվում է: 2012թ.-ին այս տարածաշրջանի երկրներում աճն ընդամնեը 0.8 տոկոս էր, իսկ ըստ կանխատեսումների 2013թ.-ին կլինի 0.9 տոկոս, 2014թ-ին էլ` 2 տոկոս:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ըստ Համաշխարհային բանկի, այստեղ աճն ավելի հստակ է լինելու, քանի որ ԱՊՀ երկրները և Թուրքիան համեմատաբար քիչ են կախված Եվրոգոտուց: Բանկն այս տարի ԱՊՀ երկրների համար կանխատեսում է 2.4 տոկոս աճ, չնայած Ռուսաստանի տնտեսության դանդաղ աճի տեմպին` մինչև 1.8 տոկոս: Թուրքիայի տնտեսությունն այս տարի կաճի 3.6 տոկոսով: 2014թ.-ի համար բանկը կանխատեսում է ԱՊՀ երկրներում 3.5 տոկոս, Ռուսաստանում` 3.1 տոկոս, իսկ Թուրքիայում` 3.5 տոկոս աճ: Հայաստանի տնտեսական աճը միջազգային կառույցները այս տարվա համար գնահատում են 4.6 տոկոս, իսկ 2014թ.-ի համար` 4.8 տոկոս:
Համաշխարհային բանկը խորհուրդ է տալիս Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին կայացնել կառուցվածքային որոշումներ: Ըստ բանկի փորձագետների տարածաշրջանի երկրներում պետք է միջոցներ ձեռնարկել այնպիսի առանցքային խնդիրներ լուծելու համար, ինչպիսիք են նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության ծերացման հետ կապված խնդիրների լուծումը, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարումը: