14:56 , 15 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայ անեսթեզիոլոգներն անում են ամեն բան` չզիջելու եվրոպացի բժիշկներին, սակայն սարքավորումների և համապատասխան պայմանների պակասը շատ դեպքերում խանգարում է գործին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Անեսթեզիոլոգների ասոցիացիայի վարչության անդամ Էմիլ Վարդապետյանը:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին`ի՞նչ երաշխիք կարող են ունենալ հիվանդն ու նրա հարազատները, որ անզգայացման ժամանակ բոժանձնակազմի կողմից կկիրառվեն բացառապես որակյալ դեղամիջոցներ, բժիշկը նշեց. «Գոյություն ունեցող տենդերային օրենքի պատճառով նույնանուն դեղը մի դեպքում կարող է արժենալ հարյուր, մյուս դեպքում, ասենք, չորս հազար միավոր: Հիվանդանոցները, բնականաբար, ձեռք են բերում անզգայացնող էժան դեղամիջոցներ, որոնց կիրառության դեպքում բժիշկը հիվանդի հետագա ճակատագրի համար պետք է անհանգստանա: Էժանագին դեղորայք ներմուծող բոլոր ընկերությունները, միաժամանակ, իրավական տեսանկյունից ունեն բոլոր փաստաթղթերը, համաձայն որոնց իրենց ապրանքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին»:
Էմիլ Վարդապետյանի խոսքով՝ հայաստանյան բուժհաստատությունները հատկապես արհեստական շնչառության, ինչպես նաև հիվանդի ընդհանուր վիճակը վերահսկող սարքերի կարիք ունեն: «Ինչ վերաբերում է լավ մասնագետների` Հայաստանից հեռանալուն, ապա ցավալի է, բայց փաստ. գնում են հմուտները, բանիմացները, օտար լեզուների տիրապետողները: Սա շատ ցավոտ հարց է: Մեր մասնագիտությունը շատ ծանր մասնագիտություն է` հասարակության գնահատանք, վարձատրություն և այլն: Իսկ ահա ԱՄՆ-ում չորս-հինգ տարի է` բժշկի մասնագիտությունն ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունն է: