Թուրքիան ձգտում է ստանձնել տարածաշրջանային ժանդարմի դերը


13:48 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տարածաշրջանում քաղաքական զարգացումների մասին խոսելիս, եթե հաշվի են առնվում տարբեր ասպեկտներ, առաջին տեղում է Սիրիա կոչված բաղադրյալը: Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: 

«Այն, ինչ կատարվում է այսօր, մեծապես պայմանավորված է նաև Սիրիայով, կա և Իրանի գործոնը: Չեմ ուզում ասել, որ մենք բերմուդյան կետում ենք, բայց հատվում են Ռուսաստան-Եվրոպա խնդիրները, ԼՂ հետ մեր խնդիրները, Թուրքիան շատ վտանգավոր քաղաքականություն է վարում այսօր. իր վրա է ուզում վերցնել գոնե տեռորիստական գործունեություն իրականացնողի, եթե չասեմ՝ տարածաշրջանային ժանդարմի դերը»,- ասաց նա՝ նշելով, որ ժամանակը կտա շատ հարցերի պատասխանը, սակայն ինչ-որ բաներ վստահաբար սպասվում են: 

Նավասարդյանը վստահ է՝ այսօրվա դրությամբ մեր դիվանագիտությունն ավելի ճկուն պիտի լինի, քան արտաքին քաղաքականությունը. այն գործիք է և շատ բան ունի անելու:

Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ևս նշեց, որ տարածաշրջանը կանգնած է իսկապես խոր փոփոխությունների շեմին: Նրա խոսքով՝ բանալին գալիս է Սիրիայից, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ևս պայմանավորում են հետագա զարգացումները: 

«Կցանկանայի մաղթել, որ մեր իշխանություններն ավելի շատ ականջալուր լինեին պրոֆեսիոնալների կարծիքներին. մենք բոլորս մի նավի մեջ ենք, սա մեր հայրենիքն է, բոլորս ուզում ենք՝ այն ապահով հասնի հանգրվան: Մենք փորձում ենք հարաբերություններ զարգացնել էթնիկ խմբերի հետ, որոնց շահերը մեզ հետ համընկնում են»,- ասաց նա:

Բանախոսները շնորհավորեցին Արման Նավասարդյանին՝ նորաբաց Diplomat.am մամուլի ակումբի առթիվ: Նավասարդյանը նշեց, որ իրենք ապաքաղաքական, վերկուսակցական կառույց են, ոչ մի հոսանքի չեն հարում: Արդեն ինն ամիս շարունակ գործում է նաև նույնանուն կայք, որը չունի ինֆորմացիոն հոսք՝ ամեն ինչի և ամեն բանի մասին, միայն թե մարդիկ մտնեն և ուրախանան: Նավասարդյանի խոսքով՝ իրենց կայքն ուսումնասիրելու համար պետք է ունենան որոշակի մակարդակ, ամսվա ընթացքում առաջընթաց է լինում, ամեն ամիս ունենում են հազար նոր այցելու: 

«Ռուսաստանը մեզ ավելի շատ է կարդում, քան մենք, դրա համար մեր խնդիրները պետք է ներկայացնենք այն լույսի տակ, որը բխում է մեր երկրի շահերից: Մենք չունենք գրանտներ, դժբախտաբար, չունենք նաև գովազդ»,- ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ դրա շնորհիվ կկարողանային իրենց թիմում նոր մասնակիցների ընդգրկել: Ապագայում ակումբը ծրագրում է հյուրընկալել օտարերկրյա դիվանագետների, դեսպանների, նրանց տալ հուզող հարցերը: