Ճապոնիան նախապատրաստվում է տասնամյակի ամենահզոր թայֆունին


10:07 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Վիպհան», որը ներկայում շարժվում է Ճապոնիայի ուղղությամբ, կդառնա վերջին տասնամյակում երկրի տարածքին հասած ամենահզոր թայֆունը: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը: 

Այդ առնչությամբ ճապոնացի օդերևութաբաններն արդեն փոթորկի նախազգուշացում են արել: Կանացի թաիլանդական անունով փոթորիկը երկրի հյուսիսարևելյան ափին կհասնի արդեն չորեքշաբթի: 

«Վիպհան» այս սեզոնում թվով 26-րդ խաղաղօվկիանոսյան թայֆունն է: Օդերևութաբանների խոսքով՝ սպասվում են տեղատարափ անձրևներով ուղեկցվող ուժգին քամիներ: Ներկայում թայֆունը Ճապոնիայի հարավային մասից 260 կմ հեռավորության վրա է և ճապոնական կղզիների ուղղությամբ է շարժում 25 կմ/ժամ արագությամբ: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին տեղումների քանակը կկազմի 350 մմ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Վերջին թայֆունը՝ «Դանասը», երկրին հարվածել էր հոկտեմբերի սկզբին, ինչի պատճառով չեղյալ էր հայտարարվել մոտ 350 չվերթ, 14 հազար տներում էլեկտրականությունն անջատվել էր: 

Վարչությունը բնակչությանը կոչ է արել փոթորկի հարվածի օրը փողոց դուրս չգալ: