Հակաիսլամիստներին արգելվել է օգտագործել Louboutin կոշիկների լուսանկարները


09:23 , 15 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ֆրանսիացի դիզայներ Քրիստիան Լուբուտենը, ով կոշիկ է թողարկում Christian Louboutin ապրանքանիշի ներքո, Բելգիայում շահել է հակաիսլամիստների դեմ դատը: Այսուհետև նրանց կարգելվի օգտագործել իր կոշիկների լուսանկարները: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Ֆլամանդական հետաքրքրություն» (Vlaams Belang) անջատողական կուսակցությունը Ֆլանդրիայում կախել էր ցուցապաստառներ, որոնց վրա տեսանելի են կնոջ ոտքեր՝ վառ կարմիր ներբաններ ունեցող հեշտ ճանաչելի Louboutin-ի բարձրակրունկ կոշիկներով:

Կնոջ ոտքերին նկարված են գծեր՝ «Ողջունվում է շարիաթի կողմից» բառերով, իսկ գծի այն հատվածում, որն անցնում է ազդրի վրայով, գրած է՝ «Քարկոծում»:

Ոտքերը կուսակցության սենատոր Անկե Վանինն են: 

Անտվերպենի դատարանը մեկ օր է տվել կուսակցությանը՝ բոլոր ցուցապաստառները հեռացնելու համար:

Անձամբ Անկեն՝ նախկին «Միսս Բելգիա»-ն, դատարանի որոշումն անվանել է քաղաքականապես մոտիվացված: 

Կուսակցությունն այլ ցուցապաստառ է կախել, որում սենատորը ոչ թե քայլում է, այլ պառկած: Նրա ոտքերին կրկին հակաիսլամական կարգախոսներ են, սակայն այս անգամ կոշիկների ներբանները դեղին են:

Լուբուտենը չի մեկնաբանել դատարանի որոշումը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցուցապաստառը խարխլում է իր վարկանիշը: