Ադրբեջանական նորաթուխ ինքնությունը միշտ էլ լուրջ խնդիրներ ունի առանց հակահայկականության


00:46 , 15 հոկտեմբեր, 2013

Ընդհանրապես, Բաքվի շատուշատ չինովնիկների ու քաղաքական գործիչների հիստերիկ հակահայկականությանը շատ հաճախ պետք չէ անդրադառնալ, ինչպիսին է, օրինակ, Ալիևի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հասանովը, բայց երբեմն նրանց պետք է որոշ հանգամանքներ հիշեցնել: Ալիևի ընտրական արարողությունն ավարտվեց, և, ինչպես հայտնի է, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն այն գնահատեց ոչ դեմոկրատական՝ ալիևյան: Վերոնշյալ պաշտոնյան, նախ նեղացկոտ տոնով փորձեց արդարացնել ալիևյան ոտքերով ընտրությունը (Սվազիլենդում ընտրողները իրենց թեկնածուի դարպասից անցնում են ներս և համարվում է, որ քվեարկել են նրա օգտին), ապա՝ Բաքվի իսկական պաշտոնյային հարիր՝ անդրադարձավ հայաստանյան ընտրություններին, թե՝ 2 միլիոն բնակչության պարագայում հայերը նշել էին 3 միլիոն ընտրող, ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, ընդդիմության քարոզարշավներն ամբողջությամբ սահմանափակվել են, եղել են լցոնումներ և այլն, իսկ ԺՀՄԻԳ-ն աչք է փակել:

Դե, ադրբեջանական նորաթուխ ինքնությունը միշտ էլ լուրջ խնդիրներ ունի առանց հակահայկականության, բայց ցավալին այն է, որ դա դառնում է ադրբեջանակերտ երևույթ: Փաստորեն սեփական ապիկարությունը կրկին փորձ է արվում սքողել հայկական ցեխով: Ըստ երևույթին Բաքվում սկսել են մոռանալ ֆեյսբուքյան դեդեկտիվը: Դե, իսկ 85 տոկոսանոց թուրքմենբաշիական ցուցանիշն էլ ամեն ինչ պարզեցնում է. փաստորեն, Ադրբեջանը դարձել է աշխարհի միակ սուլթանական միապետական ռեժիմ ունեցող երկիրը, որտեղ սուլթանին ընտրում են: Իսկ երբ հասանովների վերադասը սահմանադրությունը փոխեց իրեն ցմահ նախագահ կարգելու մոտիվացիայով, այդ ժամանակ էլ Հասանովը դարձավ ոչ միայն պաշտոնյա ու ազգանուն, այլ նաև՝ սիմվոլ՝ ստի, հակահայկականության ու ալիևականության: Oii must go on!