Քիմզենքի գծով կոնվենցիան պաշտոնապես ուժի մեջ է մտել Սիրիայի համար


11:04 , 14 հոկտեմբեր, 2013

Քիմզենքի գծով կոնվենցիան պաշտոնապես ուժի մեջ է մտել Սիրիայի համարPanarmenian.net-ը գրում է.

Քիմիական զենքի արգելման միջազգային կոնվենցիան հոկտեմբերի 14-ին պաշտոնապես ուժի մեջ մտավ Սիրիայի համար: Կոնվենցիային Սիրիայի միանալու գործընթացն իրավաբանորեն ավարտվեց, ըստ կանոնակարգի, հայտը ներկայացնելուց 30 օր անց: Հայտը ներկայացվել էր սեպտեմբերի 14-ին:

Սիրիայի կառավարությունն արդեն սկսել է համագործակցությունը ՄԱԿ հետ քիմիական զենքի ոչնչացման շուրջ:

Այժմ Սիրիայում է գտնվում Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության 60-հոգանոց խումբը: Անցած շաբաթ ՄԱԿ ԱԽ-ն հավանություն տվեց գլխավոր քարտուղարի առաջարկությանն այդ առաքելության ստեղծման մասին, որի քանակը կարող է հասնել 100-ի: Առաքելության անդամները պետք է ապահովեն Սիրիայում քիմիական զենքի լիակատար ոչնչացումը, սակայն, ինչպես խոստովանում են ՄԱԿ-ում, դա բավարար չի լինի երկրում հակամարտությունը դադարեցնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Բոլոր նրանց, ով ցանկանում է ձախողել քիմիական զինաթափման գործընթացը, ցանկանում եմ հիշեցնել, որ թիվ 2118 բանաձևը պատասխանատվությունը դնում է ոչ միայն Սիրիայի կառավարության, այլ նաև բոլոր մյուս սիրիական կողմերի վրա, այսինքն ողջ ընդդիմության, ինչպես նաև այլ երկրների, առաջին հերթին Սիրիայի հարևան երկրների, որոնց արգելված է օգտագործել իրենց տարածքը քիմիական զենքի հետ ինչ-որ խաղերի համար»:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

 

ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Նախօրեին Սիրիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել «Ժնև-2» բանակցություններին:

 

Ժնևի խորհրդակցությունը պետք է կայանա հոկտեմբերի վերջում: Խորհրդաժողովի համակազմակերպիչներն են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: