22:52 , 13 հոկտեմբեր, 2013
Ակնհայտ փաստ է, որ պատերազմն առանց գերիների չի լինում: Յուրաքանչյուր զինվորի համար գերի ընկնելը գուցե պատվազրկություն է, բայց մեկ է հոգու խորքում յուրաքանչյուրն էլ փայփայում է մի փոքրիկ հույս, հավատ, որ իրեն չեն լքի ընկերներն ու զինակիցները: Չմոռանանք, որ գերիները խոցելի են անգամ հետ վերադառնալուց հետո: Մեզանից ոչ ոք իրականում չի կարող հասկանալ գերիների իսկական ապրումները ու հոգեբանությունը, որքան էլ փորձեն գիտափորձեր կատարել: Հարաբերական զինադադարի պայմաններում գերի ընկնելն այն է, պատերազմի դաշտում գերեվարվելը՝ այլ: Այսօր մի ազատամարտիկի մասին եմ ուզում խոսել, հիրավի այն նվիրյալներից մեկի, ով գերի ընկնելով ու մեկ տարի ամենատարբեր տանջանքների ու կտտանքների ենթարկվելով Բաքվի բանտերում հետ վերադառնալուց հետո էլ մեկ է, չընկճվեց, անդամագրվեց Մահապարտների Արծիվ գումարտակին ու կրկին մեկնեց պատերազմ: …1990 թվականի օգոստոսի 16-ին, ինչպես հայտնեցին ադրբեջական հեռուստաընկերությամբ և տեղական մամուլով, Ադրբեջանի տարածքի Ղազախի շրջանում, հայ ադրբեջանական սահմանին Ժիգուլի մակնիշի N 50-59 АР մեքենայից կրակ էր բացվել միլիցիայի բաժանմունքի վրա: Հարձակվողներից մեկին հաջողվել էր թաքնվել, իսկ մյուսին ադրբեջանցիները բերման էին ենթարկել Ղազախի շրջանի միլիցիայի բաժանմունք:
Գերեվարվածը 1962 թ ծնված, երևանցի Հենրիկ Տիգրանի Սևոյանն էր, ով իր մոտ կրում էր Հայկական ազգային բանակի 28 գումարտակի ազատամարտիկի վկայական: Ոչ պաշտոնական վարկածով, նույն օրը երեկոյան Նոյեմբերյանի շրջանի առաջին քարտուղարը զանգել է Ղազախի շրջանի առաջին քարտուղարին՝ սպառնալով, որ եթե Սավոյանին չազատեն, ապա հայ ազատամարտիկները կոչնչացնեն ադրբեջանական մի քանի գյուղ: Ամեն դեպքում Սևոյանը մեկ տարի անցկացրեց Բաքվի բանտերում…անմարդկային պայմաններում ենթարկվելով բազմաթի տանջանքների: Այս մասին անգամ եթերում հայտնվեց Ռուսաստանյան Вести լրատվական թողարկման ժամանակ: Սակայն դեռևս չենք կարողացել ձեռք բերել այդ հաղորդման տեսագրությունը: Ինչևէ, Հենրիկը ամենևին էլ չկոտրվեց հետ գալուց հետո, ավելին, զինվեց, անդամագրվեց Մահապարտների Արծիվ գումարտակին, համարեց 500 եզակի մարտիկների շարքերը ու կրկին փառքով մեկնեց Պատերազմ՝ պայքարելու սեփական երկրի ազատագրման համար: …. Այսօր Հենրիկը բնակարանի խնդիր ունի: ՀՀ ՊՆ-ից բազմիցս խոստացել են աջակցել ու անհապաղ լուծել այդ հարցը, սակայն դեռևս կոնկրետ որևէ քայլ չի ձեռնարկվել: