15:12 , 13 հոկտեմբեր, 2013
Armtimes.am-ը գրում է.Դրանց տարածքները դրվել են այս կամ այն բիզնես նախագծի տակ` ջնջելով պատմության հետքը: Կառուցապատող ընկերությունները որոշ դեպքերում ունեն հուշարձանի քարերը պահպանելու եւ շենքը տեղափոխելու պայմանագիր, սակայն կամ քանդել են շենքը, կամ քարերը տեղափոխել` հետագայում կորցնելով դրանց հետքը:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ է ներկայացրել հարուստ նյութեր` Հին Երեւանի ոչնչացման վերաբերյալ: Իսկ ոչնչացված կամ այլանդակված շենքերը շատ են: «Գեներալ-գուբերնատորի տունը, որտեղ հետագայում աշխատել է նաեւ Առաջին հանրապետության կառավարությունը, այսօր դարձել է «Տաշիր պիցցա» (Հանրապետության փողոցում - Գ. Ա: Այստեղ աշխատել են Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը, Սարգիս Կասյանը եւ այլ ականավոր գործիչներ: Կաբինետը, որտեղ նստել են Կասյանը, Քաջազնունին, այսօր դարձել է խոհանոց: Մենք ջնջում ենք մեր պատմությունը: Վերջերս 150 հազար դոլար տվեցին մի երգչուհու, չգիտես ինչի համար: Այդ գումարով կարելի էր պատմամշակութային հուշարձան վերանորոգել»,-մեզ հետ զրույցում պատմում է Բաղդասարյանը եւ ներկայացնում այլ պատմություններ:
Ըստ Սեդրակ Բաղդասարյանի, պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը սկսվեց 2000թ.-ից, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցման գործընթացը: Չնայած 2004թ. հրապարակվեց կառավարության 1616-Ն որոշումը` Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը հաստատելու մասին, բայց դա էլ չփրկեց հուշարձանները:
Թումանյան 23 հասցեում էր գտնվում հայտնի գինեգործ Սողոմոնյանի տունը (1890-ական թթ.), որի նկուղային հարկում գործում էր գինու արտադրամաս: Սողոմոնյանը արտադրել է նաեւ կոնյակ, որը 1893 թ.-ին Չիկագոյում ոսկե մեդալ է շահել: 1990-ականներին այս տունը դարձավ ՀՀԿ-ի գրասենյակը, որն ավելի ուշ տեղափոխվեց Մելիք-Ադամյան փողոց եւ մինչ օրս կուսակցության գրասենյակն է: Շենքին հատկացված տարածքն այնքան փոքր ու նեղ էր, որ շենքը ձեւափոխվեց, ռուսերեն «թ» տառի ձեւ ընդունեց: 1,5 հարկանի կառույցը դարձավ եռահարկ, դադարելով հուշարձան լինելուց:
Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքի համաձայն, հուշարձանը կարելի է տեղափոխել միայն բացառիկ դեպքերում: Իսկ «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան, որը վավերացրել է նաեւ Հայաստանը, հուշարձանի տեղափոխումը թույլատրում է միայն այն դեպքում, եթե դրան փլուզում է սպառնում, ասենք` սողանքից կամ այլ աղետից: Կոնվենցիայի հոդված 4-ը արգելում է քանդել հուշարձանները: Հայաստանն այսպիսով խախտում է միջազգային կոնվենցիայի դրույթները: Ի դեպ, Հայաստանը սույն կոնվենցիան վավերացրել է դեռեւս 5 տարի առաջ` 2008թ.-ին, սակայն մինչ օրս ազգային օրենսդրությունը սրան չի համապատասխանեցնում:
Արամ Մանուկյանի տունը` Արամի 9 հասցեում, «Գլենդել հիլզ» ընկերության կողմից քանդվել է: Ոչնչացված են միջնապատերն ու տանիքը, իսկ երեսապատը, որն իբր պետք է ընկերության պահպանության տակ լիներ, ձյան ու անձրեւի տակ է:
Աֆրիկյանները Երեւանում ունեցել են 4 տուն, որոնցից 1-ը քանդված է, երկրորդն էլ քանդելու ընթացքի մեջ է: Կանգուն է միայն ֆասադային մասը, քարերը համարակալվել են տեղափոխելու համար: Շենքը Տերյան 11-13 հասցեներում է եւ Երեւանի միակ արձանիկներով շենքն է: Տերյան 11-13 հասցեն 2005թ. Երվանդ Զախարյանը ճանաչել է որպես Գլխավոր պողոտայի տարածք եւ տվել «Դվին Հոլդինգ»-ին, որը պետք է այդտեղ կառուցապատման ներդրումային աշխատանքներ իրականացներ` բիզնես ծրագիր: 2010թ. տարածքի սեփականատեր է ճանաչվում «Միլենիում Կոնստրակշենը», որի հիմնադիրներից մեկը նույն «Դվին Հոլդինգն» է:
Արամի փողոցում էին գտնվում մեծահարուստ Թադեւոսյան եղբայրների 4 տները (19-րդ դարի վերջ): Շենքերից երկուսը քանդվել են: 2,5 հարկանի շենքի (Արամի 36) տարածքում, որտեղ 1915թ.-ից եղել է Թադեւոսյանների երշիկի գործարանը: Այս տանն է ապրել Լուսավորության ժողկոմ Ա. Մռավյանը: Հիմա այդ տարածքը վերածվել է աղբանոցի: Այստեղ կառուցապատման իրավունք էր ձեռք բերել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախ շենքերից մեկի ետնամասը քանդեց, կառույցը դարձնելով վթարային: Հետո էլ դիմելով Մշակույթի նախարարությանը, թե` թույլ տվեք քանդեմ, տեղափոխեմ, քարերը տարել է անհայտ ուղղությամբ: «Ես չեմ բացառում, որ Աբրահամյանը քարերը տարել է Մալիշկայում իր համար տուն է սարքել»,-պատմում է Ս. Բաղդասարյանը: Արամի 38 հասցեում ապրել է Ստեփան Շահումյանը: Այս տունը նույնպես քանդել է ՌՀՄ նախագահը:
Նալբանդյան 20ա եւ 20բ հասցեներում (այժմ` Վազգեն Սարգսյան փ.) տեղակայված էինՋանփոլադյանի թատրոնը եւ Գիլանյանի տունը: Ջանփոլադյանի թատրոնում (1842թ.)` նաեւ հայտնի որպես Սպայի տուն, եղել են նաեւ որմնանկարներ` նույնպես պետության կողմից պահպանվող: 1913թ. այս թատրոնում է տեղի ունեցել «Անուշ» օպերայի երեւանյան պրեմիերան: 1923թ. շենքն ազգայնացվել է եւ որպես ակումբ տրվել կարմիրգվարդիականներին: Մինչեւ 2005-2006թթ. այն եղել է Սպայի տուն: Գիլանյանի տանն (1909-1911թթ.) արտադրվում էր հանքային ջուր եւ լիմոնադ, որը Կառլովի Վարիում ոսկե մեդալ է ստացել: Տունն ունեցել է ամառային տնակներ, որոնցից մեկում 6 տարի ապրել է Խաչատուր Աբովյանը: Գրողի կենսագրության այն հատվածը, որ «նա դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել», վերաբերում է հենց այս հասցեին: Մինչ օրս այս շինություններն ու եւս 6 հուշարձան ընդգրկված են կառավարության կողմից հաստատված ցանկի մեջ եւ իբր դեռ պահպանվում են պետության կողմից, այնինչ, իրականում քանդվել են 2005-06 թթ: Սպայի տան երեսքարերը, ինչպես նաեւ որմնանկարները չեն պահպանվել: Ի դեպ, թատրոնի շենքը գտնվում էր ՊՆ-ի բալանսում եւ քանդվել է Սերժ Սարգսյանի` նախարար եղած տարիներին, այսինքն` նրա գիտությամբ: Հուշարձանի քանդման վերաբերյալ վերջերս մի առիթով Սերժ Սարգսյանն ասել է. «Ինչ է, էդ քոլիկը ես պետք է պահեի՞»:
Բաղդասարյանը Գլխավոր դատախազության կայքից վերբեռնել է մի տեղեկանք, որտեղ դատախազության պետական շահերի վարչությունը հաստատել էր, որ ապօրինի քանդվել են թվով 29 պատմամշակութային հուշարձաններ, որոնցից ոչ մեկը չի վերականգնվել նոր տեղում: Հետագայում փաստաթուղթը սրբագրվել է: Այնտեղից հանված է նաեւ Սպայի տան մասին տեղեկությունը: Դատախազությունը տեղեկանքով ներկայացրել է փաստ, առանց որեւէ քայլ ձեռնարկելու: Նորմալ երկրում սա կդիտվեր որպես սկանդալ, փաստաթուղթը կներկայացվեր հանրության լայն շրջանակներին: Մեզ մոտ այն սուսուփուս տեղադրվել է կայքում:
Երեկ փորձեցինք տեղեկանալ այս եւ այլ շենքերի երեսաքարերի պահպանման վիճակի մասին: Դրանք պահպանելու պատասխանատվություն ստանձնած ընկերություններին նաեւ խնդրեցինք քարերը լուսանկարելու հնարավորություն տալ: Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունում խոստացան մեր հարցին օրվա ընթացքում պատասխանել, բայց չպատասխանեցին: «Ռենկո Ս.Պ.Ա.» ընկերությունից հայտնեցին, որ այդ հարցով զբաղվում է տեխնիկական տնօրենը, որն այս օրերին գտնվում է Իտալիայում: Ընկերության ճարտարապետն էլ հարցին անտեղյակ էր: Արամի 74 շենքը քանդած «Գապբնակշին» ընկերության հետքերը կորել են: Ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը խարդախության մեղադրանքով ձերբակալված է: ԻսկԲուզանդի 4 եւ 9 հասցեի պահպանությամբ «զբաղվող» «Գլենդել Հիլզի» հեռախոսներին մոտեցող չեղավ:
Կառավարության 2004թ. որոշման մեջ նշված է 14 հուշարձան, որոնք դեռ պիտի «տեղափոխվեն», որոնցից 5-ն արդեն ուղղակի քանդվել է: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի պնդմամբ, շնորհիվ գաղջ կառավարման, մենք այսօր տոնում ենք ոչ թե Էրեբունի-Երեւանի տոնը, այլ` Երեւան սիթիի:

