Հնամենի ամրոցից` սրտի ուղեկից. Երևանը 2795 տարեկան է


11:01 , 12 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից:

Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:

Երևանը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդան գետի երկու ափերին` ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա:

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, և միաժամանակ ամենամեծ բնակավայրը։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին։

Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը։

Այսօր Երևանը նշում է իր 2795-ամյակը: