Գերմանիան, Բելգիան եւ Շվեյցարիան կխաղան Աշխարհի առաջնությունում


09:49 , 12 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի եվրոպական գոտու նախավերջին փուլում մի քանի հավաքականներ եւս ապահովեցին Բրազիլիայի ու փլեյ-օֆֆի ուղեգիրը: 

2014 թվականի ամռանը Բրազիլիայի ճանապարհը կբռնի Բելգիան, որը Ռոմելու Լուկակուի դուբլի շնորհիվ 2-1 արտագնա հաղթանակ տարավ գլխավոր մրցացկի՝ Խորվաթիայի նկատմամբ: Խորվաթներն էլ կմասնակցեն նոյեմբերին կայանալիք փլեյ-օֆֆին:

B խմբում Իտալիան դեռ նախորդ տուրում էր ապահովել տեղն Աշխարհի առաջնությունում: Այս տուրում իտալացիները ոչ ոքի՝ 2-2 խաղացին դանիացիների հետ: Հայաստանը 2-1, ինչպես հայտնի է, հաղթել է Բուլղարիային, իսկ Չեխիան՝ 4-1 Մալթային: Այս խմբում 2-րդն ու 3-րդը Բուլղարիան ու Դանիան են 13 միավորով, իսկ Չեխիան ու Հայաստանը 12-ական միավոր ունեն: Բոլոր 4 հավաքականները փլեյ-օֆֆի հնարավորություն ունեն:

C խմբում Գերմանիան 3-0 հաղթեց Իռլանդիային, իսկ Շվեդիան՝ 2-1 գլխավոր մրցակից Ավստրիային: Գերմանիան արդեն ԱԱ-2014-ում է, իսկ Շվեդիան փլեյ-օֆֆ պետք է խաղա:

D խմբում Հոլանդիան 8-1 ջախջախել է Հունգարիային: Փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարեն Թուրքիան, Ռումինիան եւ Հունգարիան:

E խմբում Շվեյցարիան 1-ին տեղում է եւ անհասանելի է մրցակիցների համար, իսկ 2-րդ ուղեգրի համար կպայքարեն Իսլանդիան ու Սլովենիան:

F խմբում Ռուսաստանը 4-0 հաղթել է Լյուքսեմբուրգին, իսկ Պորտուգալիան ու Իսրայելը 1-1 են խաղացել: Ռուսաստանն 99%-ով ապահովել է տեղն Աշխարհի առաջնությունում: Պորտուգալիային, ամենայն հավանականությամբ, փլեյ օֆֆ է սպասվում:

G խմբում Բոսնիան 4-1 հաղթել է Լիխտենշտեյնին, իսկ Հունաստանը՝ 1-0 Սլովակիային: Այստեղ Բոսնիան ու Հունաստանն ունեն 22-ական միավոր:

H խմբում Ագնլիան 4-1 առավելության է հասել Մոնտենեգրոյի նկատմամբ, իսկ Ուկրաինան՝ 1-0 Լեհաստանի: Այս խմբում Անգլիան ունի 19, Ուկրաինան՝ 18 միավոր:

I խմբում էլ Իսպանիան 2-1 հաղթել է Բելառուսին: Իսպանիան ունի 17, Ֆրանսիան՝ 14 միավոր: Իսպանիան առաջին տեղով Բրազիլիա մեկնելու համար հաջորդ տուրում պետք է պարզապես սեփական դաշտում չպարտվի Վրաստանին: