Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ. Արամ Սարգսյան


14:26 , 28 հուլիս, 2026

Tert.am-ը գրում է.

Եթե չկա, ուրեմն չկա...: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 6-ին Եկատերինբուրգում մասնակցեց, արարողակարգային առումով, պետության առաջին դեմքին ոչ հարիր միջոցառման և հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ փորձելով լուծել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների վերացման հարցը։ Փաստորեն, խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ սահմանափակումների ցանկն ընդլայնվեց, իսկ Միշուստինը նույնիսկ չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ նախագահը պահանջել է կատարել ԵԱՏՄ առաջնորդների պահանջը, հստակ կողմնորոշվել՝ ԵՄ, թե ԵԱՏՄ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը, և այդ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Փաստորեն, այս անգամ ևս խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ Պուտինը նույնպես չշնորհավորեց Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ըստ էության, ՀՀ վարչապետը սպառել է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը հարթելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ստացվում է, որ իրականություն է դառնում հենց Փաշինյանի նախկինում արտահայտած միտքը, թե՝ «ԵԱՏՄ չկա»։ Եթե չկա, ուրեմն չկա։

Իմ կարծիքով՝ հետևությունը հետևյալն է. ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանին չի ընկալում որպես լիարժեք գործընկեր՝ ՀՀ վարչապետի կարգավիճակում։ Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է Հայաստանին պարտադրել հանրաքվե։ Այդ նպատակով, հավանաբար, աշնանը կակտիվացնի իր ազդեցության ողջ գործիքակազմը՝ քաղաքական ուժերից մինչև եկեղեցական շրջանակներ։ Եթե այդ ճանապարհով ցանկալի արդյունքի չհասնի, ապա ձմռան մոտ, բողոքի ալիքն ուժեղացնելու նպատակով, կարող է կտրուկ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

1. Դուրս գա ՀԱՊԿ-ից։

2. Դուրս գա միասնական հակաօդային պաշտպանության համակարգից։

3. Արագացված ընթացակարգով վերսկսի 2013 թվականից կիսատ մնացած ԵՄ-ի հետ Ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։

Հետագա քայլերի հերթականությունը պետք է մշակվի՝ հաշվի առնելով ՌԴ-ի արձագանքը այս երեք քայլերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: