ChatGPT-ն օգտատերերին կենuազենք ստեղծելու քայլ առ քայլ հրահանգներ է տրամադրել. WSJ


16:56 , 27 հուլիս, 2026

OpenAI ընկերության ChatGPT արհեստական ինտելեկտի մոդելն օգտատերերի հարցումներով մանրամասն և ճշգրիտ հրահանգներ է տրամադրել կենսաբանական զենքի և թույների ստեղծման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal (WSJ) թերթին։

Հրատարակության տվյալներով՝ օգտատերերի հարցումների թվում եղել են հարցեր պաթոգենների ցանման, պատվաստումների նկատմամբ կայուն կարմրուկի վիրուսի ձևափոխման, ինչպես նաև միջազգային պայմանագրերով արգելված թույնի՝ ռիցինի պատրաստման մասին։ Դեպքերից մեկում օգտատերը, ստանալով նման բնույթի հրահանգներ, հիշատակել էր իր ծնողներին սպանելու մտադրության մասին։ OpenAI ընկերությունն արգելափակել է այդ օգտատերերի հաշիվները, սակայն իրավապահ մարմիններին չի ծանուցել իրավիճակի մասին, քանի որ ԱՄՆ-ում մինչ օրս չկան դաշնային օրենքներ, որոնք ԱԲ ընկերություններին պարտավորեցնեն տեղեկացնել նման միջադեպերի մասին։

Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ չաթ-բոտի պատասխաններն ուսումնասիրվել են ահաբեկչության և կենսաբանության ոլորտի փորձագետների կողմից։ Նրանց կարծիքով՝ հրահանգներից մի քանիսը եղել են «մահացու ճշգրիտ»։

Ինչպես նշում է WSJ-ն, ԱՄՆ Սպիտակ տան և Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են կենսաբանական զենքի մշակման համար ԱԲ-ի օգտագործման սպառնալիքը դեռևս Ջո Բայդենի նախագահական ժամկետում։ ԱՄՆ կառավարությունը փորձում է խստացնել վերահսկողությունը ԱԲ մոդելների նկատմամբ: Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ դաշնային օրենքները ԱԲ ընկերություններին պարտավորեցնում են հետևել, որպեսզի մոդելները չօգտագործվեն երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր ստեղծելու համար: