17:20 , 24 հուլիս, 2026
ՀԷՑ-ի ու Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ մեկնաբանություններ տալիս իշխանությունները սկսել են առաջ մղել մի թեզ, որը ոչ մի քննադատության չի դիմանում. սկսել են պնդել, թե տեղի ունեցողը ոչ թե հարվածելու է Հայաստանի ներդրումային վարկանիշին, այլ ընդհակառակը, քանի որ գոյություն ունի պետության սեփականության իրավունք, որն իրենք վերականգնում են:
Հայաստանում տեղի է ունենում մի բան՝ քաղաքականապես մոտիվացված սեփականազրկում, որի պատճառով սահմանափակվելու է քաղաքական այլընտրանքների ձևավորումը, ամրապնդելու են իշխող ուժի լծակները։ Այսինքն՝ եթե որպես կամայական երկրի ներդրումային գրավչության ցուցիչ է համարվում տվյալ երկրում հաստատված ժողովրդավարության մակարդակը, ապա պետք է ընդունել, որ իշխանությունների գործողությունները չեն կարող նպաստավոր համարվել:
Ինչպես հայտնի է, միջազգային կապիտալը և հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունները առաջնորդվում են բացառապես ինստիտուցիոնալ անկախության և սեփականության անձեռնմխելիության ցուցիչներով, իսկ երբ առանց այն էլ Հայաստանի նման ոչ գայթակղիչ երկրի իշխանությունն իրեն թույլ է տալիս քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ կոնկրետ անձանց թիրախավորելով վերանայել սեփականաշնորհման արդյունքները և փաստացի խլել բիզնեսը, ապա օտարերկրյա ներդրողի համար դա դառնալու է ազդանշան այն բանի, որ այս երկրում կապիտալն ապահովագրված չէ իշխանության քմահաճույքներից։ Վերջիվերջո դասագրքային ճշմարտություն է այն, որ ավտորիտար համակարգերը ռիսկային միջավայր են ցանկացած անկախ գործարարի համար:
Միակ բանը, որ սահմանափակ հնարավորություններով Հայաստանը կարող էր դարձնել ներդրումային առումով քիչ թե շատ գրավիչ, թերևս գերազատական, կանխատեսելի և ներդրումների պաշտպանվածության բարձրագույն մակարդակ ունեցող միջավայրի ապահովումը կլիներ, մինչդեռ օրը ցերեկով տեղի ունեցող խայտառակությունը վկայում է այն մասին, որ Հայաստանն այսօր դարձել է աֆրիկյան ծակուռների մակարդակի մի կիսասուբյեկտ, որտեղ ներդրումներ կարող են անել կա՛մ խենթերը, կա՛մ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դիվիդենտների ակնկալիք ունեցողները: