Բանակցողներին ապշեցրել է Էր Ռիադի հետ միջուկային գործարքի հարցով Թրամփի նոր պայմանը․ ԶԼՄ


18:26 , 24 հուլիս, 2026

168.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արդեն հրապարակված միջուկային գործարքի շրջանակներում «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մասին Էր Ռիադին ուղղված պահանջը մեծ անակնկալ է դարձել ամերիկացի բանակցողների համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Հուլիսի 22-ին Թրամփը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ տասնյակ միլիարդավոր դոլարներ գնահատվող և 30 տարվա համար նախատեսված համաձայնագրին, որը թույլ կտա ամերիկյան ընկերություններին առանցքային դեր խաղալ տարածաշրջանում քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքի ստեղծման գործում:

«Նոր պայմանը, որը, ինչպես պնդում էր Սպիտակ տունը, Թրամփի վաղուցվա նպատակն է և չպետք է որևէ մեկին ցնցեր, զարմացրել է նույնիսկ միջուկային հարցերով վարչակազմի սեփական բանակցողներին, որոնց համար «Աբրահամական համաձայնագրերին» միանալու պայմանն անակնկալ էր», – հայտարարել են CNN-ի երկու աղբյուրները:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհամապատասխանության պատճառը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի շտապողական հայտարարությունն է դեռևս չավարտված գործարքի մասին՝ հակառակ դա չանելու մասին Սպիտակ տան խնդրանքին: Դա հարուցել է Թրամփի դժգոհությունը և վարչակազմի ներսում առաջացրել տարաձայնություններ։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տեղեկություններն անվանել է «կեղծ լուրեր»՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ համաձայնեցված է եղել Սպիտակ տան և Պետդեպարտամենտի հետ:

Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ Թրամփի որոշման վրա ազդել է նաև փորձագետների և պահպանողական ամերիկյան լրատվամիջոցների, այդ թվում` Fox News հեռուստաալիքի և Wall Street Journal թերթի քննադատությունը, որոնք հիշեցրել են, որ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես այդ պահանջն էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ քաղաքացիական ատոմային ծրագրի իրականացման քննարկման ժամանակ:

«Աբրահամյան համաձայնագրերը» Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրերի շարք է, որոնք կնքվել են Թրամփի առաջին վարչակազմի միջնորդությամբ 2020 թվականին: