Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIP


12:56 , 24 հուլիս, 2026

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը Ադրբեջանից ստանում է և՛ դիզելային վառելիք, և՛ բենզին։ Սա նշանակալի ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։ Այս մասին գրում է FIP-ը:

Նա նաև նշել է, որ մատակարարումները նշանակալի ներդրում են հատկապես «նավթամթերքի արտահանման և ներմուծման ներկայիս դժվարությունների պայմաններում»։  

Երախտագիտություն հայտնելով Գերմանիային՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորվում են, իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը վերջ են դրել ավելի քան 30-ամյա հակամարտությանը։ 

«Փաստերի ստուգման հարթակն» Ալիևի հայտարարության հետքերով ուսումնասիրել է Ադրբեջանից Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի ծավալները։ 

Ըստ այդմ, հասանելի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը բենզինի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է շուրջ 5%, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ շուրջ 16%։ 

Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի տարեվերջին։ Ուստի ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել 2025 թվականի տարեկան և 2026 թվականի հասանելի ամենաթարմ՝  առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալները։

Որքա՞ն է կազմել ադրբեջանական բենզինի մասնաբաժինը 2025-ին

Հայաստանի պետական եկամուտների պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին հանրապետություն է ներմուծվել շուրջ 220 հազար տոննա ավտոմոբիլային բենզին՝ 207 մլն 838 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ադրբեջանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 1215 տոննա՝ արժեքը՝ 873.4 հզր ԱՄՆ դոլար:

Նախորդ տարի Հայաստանի համար բենզինի հիմնական մատակարարները եղել են Ռումինիան, Եգիպտոսը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնք միասին ապահովել են ներկրվող բենզինի շուրջ 82%-ը: