«Առինջ մոլում» աշխատակիցը վատացել է, շտապօգնությանը թույլ չեն տվել մոտենալ


13:26 , 23 հուլիս, 2026

168.am-ը գրում է.

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, սակայն ոստիկանները շտապօգնության մեքենայի մուտքը կապարակնքված տարածք թույլ չեն տվել։ Տղամարդուն մոտեցել է ոստիկանության բուժակը։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն ակցիա են անում, նույնիսկ ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

«Այլևս վերաբերմունք չունեմ նաև այս միջադեպին, քանի որ ամեն ինչ պարզ է։ Նա առողջական խնդիր ունի, հասկացա, որ ճոճվում է, ու ներս բերեցի»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Առինջ մոլի» տնօրենի տեղակալ Արմեն Ներսիսյանը։

Փոխտնօրենի խոսքով՝ ինքնազգացողությունը վատացած անձի տաղավարը կապարակնքվածների շարքում է։
Ինչ վերաբերում է տոնավաճառի հետ կապված հետագա զարգացումներին, Ներսիսյանը նշեց, որ որևէ նորություն չունի, բայց իրենց փաստաբանները պետք է վիճարկեն նախաքննական մարմնի այս որոշումը։

«Մենք եկել ենք ու տեսել, որ 26 տաղավար կապարակնքված է, սակայն որևէ պատասխան չունենք։ Ում հարցնում ես, ոչ ոք չգիտի՝ ինչի համար է փակվել։ Տարբեր վարկածներ կան, տաղավարի տերերն էլ մեզ են հարցնում, բայց պատասխան չունենք։ Պատասխանել ենք, որ չգիտենք՝ որն է խնդիրը, քանի որ որևէ ծանուցում չի եղել»,– նշեց Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20–ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։