12:52 , 23 հուլիս, 2026Չորեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է Ադրբեջանին կոչ անելու անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ ընդունելով H.R. 9087 («Արտաքին ծառայության մասին» օրենք) օրինագծի ուղղումը: Այս մասին հայտնել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:
Կոմիտեի կողմից սատարվող այս ուղղումը, որը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ՝ Կալիֆոռնիայից)՝ Հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական՝ Ֆլորիդայից) աջակցությամբ, հիմնվում է հունիսի 10-ին Հանձնաժողովում դրա բարենպաստ քննարկման վրա:
«Այսօր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44-7 հարաբերակցությամբ քվեարկեց ի պաշտպանություն իմ ուղղման, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Ես հպարտ եմ, որ Կոնգրեսի դիրքորոշումն արձանագրվել է, և շարունակելու եմ պայքարել Ադրբեջանի կողմից անարդարացիորեն և ապօրինաբար պահվող, խոշտանգված ու բռնության ենթարկված հայերին ազատ արձակելու համար»,- քվեարկությունից հետո հայտնել է կոնգրեսական Շերմանը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Շերմանին, նախագահ Մաստին և բոլոր նրանց, ովքեր քվեարկել են այս խիստ անհրաժեշտ և վաղուց ուշացած միջոցառումն ընդունելու օգտին: Հանձնաժողովը ճիշտ վարվեց։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը, Արցախի փախստականների անվտանգ վերադարձը և ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը հայկական տարածքից խաղաղության նախապայմաններ են, ցանկացած տևական կարգավորման անբանակցելի պահանջներ, այլ ոչ թե սակարկությունների առարկա Բաքվի համար՝ Հայաստանից կորզելու ևս մեկ միակողմանի զիջումներ»,- հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարումյանը: