Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է


15:25 , 18 հուլիս, 2026
Եթե նախագահ Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ հրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները (կոնգրես, սենատ), ապա նա, կարծես սխալվել է։ Իրանը պատրաստ էր համաձայնել այդ դադարին՝ այն մտայնությամբ, որ կստանա խոշոր ֆինանսական միջոցներ, սառեցված ակտիվների ապասառեցում և պատժամիջոցների վերացում։ Դա երևում էր ինչպես Իրանից հնչող հայտարարություններից, այնպես էլ ստորագրված հուշագրի տեքստից:
Կողմերի ակնկալիքները տեղի չունեցան, քանի որ, ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփն իր նախնական հաշվարկներում, ցանկանում էր վերջնականապես ճնշել Իրանի Իսլամական Հանրապետությանը, երբ միջանկյալ ընտրություններից հետո նրա «ձեռքերը լիովին ազատ լինեն» (օրինակ՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին)։
Դատելով ամերիկյան մամուլի նյութերից, ԱՄՆ նախագահի համար միջանկյալ ընտրություններն առայժմ լավ հեռանկարներ չեն խոստանում: Եվ իրանցիներն, ըստ երևույթին, մտադիր են հնարավորինս բարդացնել Թևամփի վարչակազմի իրավիճակը։
Այդ պատճառով Սպիտակ տան ծրագրերը կարծես վերանայվում են, և ռազմական գործողությունների վերսկսումն ավելի շուտ է տեղի ունեցել, քան ենթադրելի էր հուշագիրը ստորագրելուց հետո:
Հուշագրի ստորագրմամբ, Թրամփն ու իր թիմը ցույց տվեցին աշխարհին, որ գերջանքեր են գործադրել, որպեսզի եթե անգամ չավարտեն, ապա գոնե դադարի ռեժիմի մեջ պահեն այս պատերազմը։
Դրանից հետո նավթի համաշխարհային գները կայունացան, Պարսից ծոցում խցանված բազմաթիվ նավեր կարողացան անցնել Հորմուզի նեղուցով, Վաշինգտոնի վրա՝ արտաքին ու ներքին ճնշումները նվազեցին։
Այսօր ստեղծված իրավիճակով ստացվում է այնպես, որ եթե ռազմական գործողություններն ամբողջ ծավալով ու մեծ ինտենսիվությսմբ վերսկսվեն, ապա դա այլևս չի լինի նախկին պատերազմի շարունակությունը, այլ կլինի բոլորովին նոր նպատակի ու նոր ռազմավարական ռեսուրսներով իրականացվող գործողություններ։
Ամերիկյան վերլուծականներում կան ենթադրություններ, որ հնարավոր է վարչակազմը ցանկանա միջանկյալ ընտրություններից քիչ առաջ սկսել («չէին ցանկանում, բայց մեզ ստիպեցին») երաշխավորված հաղթական պատերազմ՝ փորձելով այդ կերպ բարելավել իր նախընտրական դիրքերը։ Ժամանակին դա օգնել է նախագահ Բուշ կրտսերին։
Սակայն Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այնտեղ ամեն չէ, որ ծրագրված ու գծագրված է անցնում։ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում:
2022թ. առաջին կեսին, շատերին թվում էր, թե Ռուսաստանը կարճ ժամանակում կլուծի ուկրաինական ուղղությամբ իր առջև դրված խնդիրները: Դա տեղի չունեցավ, և առ այսօր պարզ չէ, թե որքան կտևի ու ինչ էսկալացիա կունենա ռուս-ուկրաինակսն պատերազմը:
Նույն իրավիճակը նաև ԱՄՆ-Իրան ռազմական հակամարտության պարագայում է: Որքան էլ ձգտեն արագ լուծումներ գտնել, միևնույն է հակամարտությունը, կողմերի համար մեծ հավանականությամբ կարող է վերածվել ձգձվող, հյուծող պատերազմի: