Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան


09:02 , 17 հուլիս, 2026

Թե քաղաքական, թե իրավական առումով ընդդիմությունը կասկածի տակ է դնում Խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, գնաց ՍԴ և այլն, բայց ասում է, որ պետք է մանդատները վերցնեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Մանդատներ վերցնել-չվերցնելը քաղաքական այս ամբողջ խոսույթի ամենամակերեսային շերտում գտնվող հատվածն է, խորքում կա քաղաքական տրամաբանության բացակայության հարցը։ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, ու հատկապես ԲՀԿ-ի ձայների ԿԸՀ-ի կողմից որոշման ու ՍԴ-ի կողմից վերաքվեարկություն չնշանակելու այս պատմության հետ կապված, իսկապես գռեհիկ կերպով զրկեցին մանդատներից, եթե իսկապես էդպես են համարում, ես էլ եմ այդպես համարում, գնում են խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում են ընտրությունների արդյունքները: 

Երբ ես ասում եմ, որ պետք չի մանդատներ վերցնել, ինքնանպատակ չեմ ասում, եթե դու մանդատ չես վերցնում, ապա դրա հետևում պետք է լինի հանրային կոնսոլիդացիա, միջազգային գործընկերների աջակցություն, հստակ քաղաքական օրակարգ և ճնշում ձևավորելու ունակություն, այսինքն ընդդիմության արդյունավետությունը չափվում է ոչ թե ելույթներով, հայտարարություններով, այլ չափվում է իշխանության վարքագիծը փոխելու կարողությամբ»,-նշել է նա: