21:16 , 11 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանի նշանակումից հետո սա առաջին այցն էր բնապահպանության նախարարին:
Նախարար Արամ Հարությունյանն ողջունելով դեսպան Ռեիսիին` ընդգծել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և հույս հայտնել, որ նոր դեսպանի հետ սերտ համագործակցության արդյունքում, ավելի կխորանա բնապահպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը: «Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունենք, որոնց շուրջ ակտիվ գործունեություն ենք ծավալում, մասնավորապես՝ հայ -իրանական սահմանին «Խաղաղության այգու» ստեղծման ուղղությամբ»,-նշել է նախարար Արամ Հարությունյանը:
Դեսպան Ռեիսին մեկ անգամ ևս ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության բարձր մակարդակը և նկատել, որ բոլոր պայմանավորվածություններն, որոնք եղել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, ուժի մեջ են և կողմերը պետք է աշխատեն դրանց զարգացման ուղղությամբ:
Իրանի դեսպանը բնապահպանության նախարարին փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության ղեկավար ԻԻՀ նախագահի տեղակալ Մասումե Էբթեքարի բանավոր հրավերը, իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Իրան:
Նախարար Արամ Հարությունյանը սիրով ընդունել է հրավերը և հայտնել, որ այցի ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել միայն դիվանագիտական խողովակներով հրավերը ստանալուց և այցի օրակարգը համատեղ կազմելուց հետո:
Կողմերը նպատակահարմար են գտել նաև համատեղ ընդլայնված նիստ գումարել աշխատանքային խմբերի մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն Արաքս գետից փորձանմուշներ վերցնելու լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Իրանի դեսպանը և բնապահպանության նախարարը քննարկել են նաև իրանցի մասնագետների՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Հայաստանի փորձին ծանոթանալու հնարավորությունները: