Փաշինյանն ու Հայրապետյանը լուրջ տարաձայնություն ունեն. ի՞նչն է եղել պատճառը


12:23 , 13 հուլիս, 2026

ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի միջև վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը դժգոհություն է հայտնել նախարարից՝ կապված IMEI միասնական համակարգի ներդրման նախաձեռնության հետ։

Ըստ նույն աղբյուրների՝ Փաշինյանը վրդովված է եղել այն հանգամանքից, որ նախաձեռնությունը նախապես չի ներկայացվել հանրային քննարկման, ինչպես նաև չի քննարկվել համապատասխան գերատեսչությունների հետ, ինչի հետևանքով, ըստ տեղեկությունների, թեմայի շուրջ լայն հանրային արձագանք և քննադատություն է ձևավորվել։

Մեր Աղբյուրների պնդմամբ՝ վարչապետը նախարարի հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ վերջինս թերացել է գործընթացի կազմակերպման հարցում, ինչի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ բացատրություններ տալու անհրաժեշտությունը մնացել է վարչապետի վրա։

Նույն աղբյուրների համաձայն՝ այդ զրույցից հետո Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ չի ցանկանում վերանշանակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մխիթար Հայրապետյանը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում, թեև ավելի վաղ նշել էր, որ գործող կառավարության անդամների մեծ մասը կվերանշանակվի։