Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ


20:24 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին և «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին» մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի և նրա գլխավորած պատվիրակության հետ: 

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և ընդգծել քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու հարցում: 

«Մենք կարևորում ենք Երևանի և Թբիլիսիի միջև գործընկերային կապերի զարգացումը, որոնք հիմնված են մեր երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, ինչի ապացույցը վերջին տարիներին հաճախակի դարձած փոխայցերն են: Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունները հետագայում էլ ավելի կակտիվանան, և հնարավորություն կընձեռվի իրականացնելու համատեղ տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից«Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետը նաև հատկանշել է, որ վերջերս Երևանի քաղաքապետարանի պատվիրակության Թբիլիսիի օրվա կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք կապահովեն համագործակցության տեսանելի արդյունքներ: Տարոն Մարգարյանը, շնորհավորելով գործընկերոջը, ողջունել է Թբիլիսիի քաղաքապետի և Սակրեբուլոյի որոշումը Երևանի հրապարակ հիմնելու վերաբերյալ և ցանկություն հայտնել ներկա գտնվելու բացմանը: 

Գեորգի Ուգուլավան իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար, ի դեմս Երևանի քաղաքապետի, շնորհավորել է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի 2795-ամյակի կապակցությամբ և հույս հայտնել, որ առաջիկայում Թբիլիսի-Երևան համագործակցության արդյունքում կմշակվեն և կիրականացվեն քաղաքային տնտեսության կառավարման հետ կապված կոնկրետ ծրագրեր:

«Մեզ համար մեծ պատիվ է Երևանում գտնվելը և քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելը: Գիտեմ, որ քաղաքի կյանքում այն գլխավոր տոնն է, ուստի մեկ անգամ ևս շնորհավորում եմ: Երևանն օրեցօր զարգանում է, և դրանում մեծ է, պարոն քաղաքապետ, Ձեր ներդրումը: Մենք ևս պատրաստ ենք խորացնելու համագործակցությունն ու կիրառելու Երևանի քաղաքապետարանի կողմից տարբեր ծրագրերի իրականացման լավագույն փորձը»,-նշել է Թբիլիսիի քաղաքապետը: