08:11 , 13 հուլիս, 2026Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի չզեկուցվող որոշմամբ նախատեսված կարգավորումները, որոնցով նախատեսվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման գործող համակարգը։ Նախագծով առաջարկվում է ընդլայնել շահառուների շրջանակը, սահմանել կացարան տրամադրելու միասնական ընթացակարգ և փոփոխել սոցիալական բնակարաններից օգտվելու պայմանները։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 8-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը և պայմանները, շահա- ռուների խմբերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կացարանով ապահովում է համարվում`
1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ
2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝
ա. անհատույց որոշակի ժամկետով,
բ. անհատույց անժամկետ,
գ. վարձակալությամբ կամ․․․։
Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով: Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական սոցիալական բնակարանային ֆոնդում և ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:
Անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։
Սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ոլորտում գործող օրենսդրության մեջ առկա են հետևյալ խնդիրները՝
Հարկ է նկատի ունենալ, որ այժմ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առկա է 264 կացարան։ Հերթացուցակում հաշվառված են շուրջ 400 շահառու։ Այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ քաղաք Հրազդանում, Արտաշատում, Վանաձորում գտնվող պետական սոցիալական բնակարանյին ֆոնդի շենքերում, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ևս 182 կացարան։
Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:
Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է
ա․ Նախագծով ի թիվս այլ խմբերի, սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ Ընդ որում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին կամ ընտանիքին, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան տրամադրվելու է, եթե համապատասխան հիմքը վերանալուց հետո անցել է 6 ամիս, այսինքն, դա այն ժամանակահատվածն է, երբ արդեն իսկ ընտանիքներին անհրաժեշտ է ինտեգրել․
բ․որպես առանձին խումբ սահմանվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ սահմանված ընտանիքները՝ հիմք ընդունելով նույն որոշման կարգավորումները․
գ․ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին հնարավորություն է տրվում կացարանով ապահովվել երկու մեխանիզմներով․ եթե ՀՀ-ում ապաստան ստացած փախստականը մինչև փախստականի կարգավիճակի հաստատումը բնակվում է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանում, ապա փախստականի կարգավիճակը ստանալուց հետո տասը օրվա ընթացքում դիմելու դեպքում, կարող է տեղավորվել ք․Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (Երևան, Մոլդովական 29/1 հասցեի 1-ին հարկում առկա են 10 սենյակ)՝ 6 ամիս ժամկետով, եթե առկա են ազատ կացարաններ։ Եթե ազատ կացարաններ առկա չեն, ապա դիմումը մերժվում է և ՀՀ-ում փախստական ճանաչված անձը կարող է դիմել արդեն իսկ որպես «անօթևան» հանդիսացող անձ, որի պայմանները այլ են։ ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք կարող են նաև օգտվել վարձավճարի հատուցումից՝ 6 ամիս ժամկետով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշմամբ սահմանված կարգով.
դ․ որպես նոր սոցիալական խումբ սահմանվել են նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք, ովքեր հիմքեր չունեն ապաստարանում բնակվելու, սակայն սոցիալական գնահատման կարիքի հիման վրա նրանք ունեն կացարանի կարիք․
Փորձնական ծրագիրը իրականացվելու է քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է ունենալ 23 կացարան։ Ընդ որում համայնքի ներգրավվածության նպատակով նաև նախատեսվել է համայնքին քվոտայի տրամադրման ինստիտուտը։ Մասնավորապես, եթե քաղաք Արտաշատում բնակվող և հերթացուցակում հաշվառված շահառուի համար Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը պարտավորվում է վճարել մատչելի վարձավճարը բնակության բոլոր ամիսների համար, ապա շահառուն տեղավորվում է կացարանում արտահերթ՝ Նախագծով սահմանված կարգով ու դեպքերում։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը կարող է նշված կարգով տեղավորել իր համայնքում բնակվող բնակչին քաղաք Արտաշատի պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում՝ առավելագույնը նշված ֆոնդի կացարանների ընդհանուր թվի 30 տոկոսի չափով․
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի հետ համատեղ։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն: