Կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, բացարձակ անակնկալ չէր. փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին


10:56 , 6 հուլիս, 2026

Վաղաժամ է նման բաներ ասելը, բայց առանց հոդվածներին նայելու էլ, բոլորս կարծում եմ՝ կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու և սա բացարձակ անակնկալ չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ լրագրողի՝ արդյոք նախաքննական մարմինը նախապատրաստվում է Գագիկ Ծառուկյանին կալանքի տանել հարցին ի պատասխան:

«Առանց հոդվածների ամեն ինչ պարզ է, իսկ հոդվածները՝ միշտ հնարավոր է ինչ-որ բան ստեղծագործել, վերջին շրջանում այդ ստեղծագործությունը պարբերաբար բնույթ է կրում։ Հիմա ավելի բովանդակային, երբ ծանոթանանք, կանդրադառնանք, բայց ամեն ինչ հնարավոր է, որովհետև գործողությունների շարքն ավելի շատ նման ինչ-որ կանխատեսումների տեղիք է տալիս»,-նշել է Սարգսյանը:

Լրագրողը ճշտել է՝ խոսքը կալանքի կանխատեսումների մասի՞ն է, որին փաստաբանը պատասխանել է՝ գուցե, տեսնենք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է՝ այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը:

Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։