12:03 , 3 հուլիս, 2026Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Վարչապետը ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը կիսում է Իրանի ժողովրդի վիշտը։
Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ու ամրապնդվել։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: