Ադրբեջանի հրեական համայնքների ղեկավարները դիմել են Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը


18:45 , 1 հուլիս, 2026

Ադրբեջանի երեք հրեական համայնքների ղեկավարները դիմում են հղել Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) պատգամավորներին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը։ Դիմումը ստորագրել են Բաքվի լեռնային հրեաների համայնքի նախագահ Միլիխ Եվդաևը, ինչպես նաև Բաքվի աշկենազ և սեֆարդ հրեաների համայնքների ղեկավարներ Ալեքսանդր Շարովսկին ու Գենադի Իսաևը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար անդրադառնալ Հարավային Կովկասում ձևավորվող խաղաղության և կայունության գործընթացի վրա։

Դիմումի հեղինակները նշում են, որ բարդ ու զգայուն պատմական իրադարձությունները պետք է մնան պատմաբանների ու փորձագետների գիտական հետազոտությունների տիրույթում, այլ ոչ թե դառնան քաղաքական որոշումների առարկա։ Նրանց կարծիքով՝ նման հարցերի քաղաքականացումը կարող է անհարկի լարվածություն ստեղծել Իսրայելի անկեղծ բարեկամների շրջանում։