Ամերիաբանկ, ՀՀ առաջատար բանկերից մեկը, ով ունի 0 հաճախորդակենտրոնություն, 0 կոմպետենտություն ու 0 սպասարկում. իբրև առաջատար բանկ եք, ինչի՞ համար է այս փնթի ու չարդարացված քաշքշուկը


16:26 , 1 հուլիս, 2026
Եթե պարապ եք ու չգիտեք այս շոգին ինչ անել, կարող եք գնալ Ամերիաբանկի Ներսիսյան 1 (Ռայկոմի) մասնաճյուղ և ձեր ամբողջ օրն անցկացնել հերթերում և խորհրդավոր տերմինալ դատարկողին սպասելով։
Նախ սկսենք այնտեղից, որ տերմինալները 100.000 դրամանոցներ չեն ընդունում։ Աբսուրդ մեկ։ Չես հասկանում պատճառը. պետության թողարկած թղթադրամը բանկոմատը չի ընդունում։ Ասում ես լավ, մանրում ես, գալիս ես Ամերիաբանկի դրսի տերմինալի մոտ, որպեսզի այդտեղով արագ գործարքդ անես, գնաս գործերիդ, էն էլ թարսի պես դրսում ամառ է, արևն է սովորություն ունի ընկնել տերմինալների վրա ու նորամուծություն QR նույնականացումը չես կարողանում անցնել։ Պարում ես տերմինալի դիմաց, տարատեսակ դիրքեր ընդունում, աղերսում, որ գոնե հիմա MyAmeria-ի սկաները կարդա այդ նույնականացման QR, բայց առը հա՜, թե տենց հեշտ կպրծնես։
Ստիպված մտնում ես բանկ, ներսի վճարային տերմինալի մոտ հերթ ես կանգնում, հերթդ հասնում ա, գումարը մուտքագրում ես, գումարի կեսը չի ընդունում։ Արտաքինից նորմալ թղթադրամ է, բայց չի ընդունում։ Աբսուրդ 2. պարզվում է այդ տերմինալները, որոնք բանկը վարձակալում է տխրահռչակ ԹելՍելից, 2024 թվականի 20.000-նոցներ չի ընդունում։ Տակը մանրով գրած ա այդ մասին։ Սա իմացեք, որ Ամերիաբանկ գնալիս թղթադրամների ծննդյան թվերը ճշտած գնաք։ Թելսելում երևի 2024 թիվը չեն սիրում։
Նյարդային վերջին բջիջս փայփայելով գնում, հերթ եմ կանգնում դրամարկղում, որպեսզի փոխեմ, գամ, վերջապես էտ պակասող գումարը գցեմ քարտսի, գնամ գործերիս։
Թղթադրամը փոխում եմ, գալիս, նորից հերթ եմ կանգնում, հերթս զիջում եմ 2 աղջկա, մի կնոջից հետո աղջիկները մոտենում են տերմինալին ու էկրանին հայտնվում է այս պատկերը։ Բանկի աշխատողին ավետում ենք, որ տերմինալը կախեց, նայում ա, ասում ա՝ «լցվել ա, հեսա կգան, կդատարկեն»։ Ու էլի աչքներս դատարկողի ճամփին սպասում ենք ևս մի 10 րոպե, բայց մեր դատարկողը չկա ու չկա։ Ու այդտեղ էլ վերջին բջիջս չի դիմանում ու փորձում եմ հասկանալ, թե ոնց ա լինում, որ էս լուսավոր դարում դեռ կարող են էնքան վատ աշխատել, որ մարդկանց ժամերով կտրեն իրենց գործից։ Նկարում եմ էս կախած/լցված տերմինալը ու այդտեղ, որտեղից որտեղ, հայտնվում է մի աշխատակից ու ասում է՝ «բանկում նկարել չի կարելի»։ Ախպեր ջան, մենք դատարկողին ենք սպասում, քեզ չենք կանչել։ Ասում եմ՝ իսկ բանկում սենց բառդակ սպասարկում թույլ տալ կարելի՞ է։ Ասում է՝ դե տերմինալ դատարկողն էլ զուգահեռ գործ է անում, պետք ա էտ գործն ավարտի, նոր դատարկի։ Ասում եմ՝ ուրբաթ երեկոյից էս բանկի դրսի տերմինալով հնարավոր չի գումար գցել քարտին, միշտ լիքն է, չեք տեսնո՞ւմ, որ խնդիր կա, բազմիցս ասել ենք այդ մասին: Ասում են՝ եթե շտապ վճարում ունեք, կարող եք իջնել Քոչար մասնաճյուղ...
Բա էլ էսքան մասնաճյուղեր պահում եք, ի՞նչ անեք, եթե կարող ենք բոլորս իջնել Քոչար մասնաճյուղ։
Հայաստանյան բանկային ոլորտն ու այդտեղի սպասարկումը մի այլ կարգի զզվելի ու տհաճ են դարձել։ 100 տարի ա օգտվում եմ Ամերիաբանկից, բայց սենց անորակ սպասարկման նոր եմ առնչվում։
Իբրև առաջատար բանկ եք, ինչի՞ համար է այս փնթի ու չարդարացված քաշքշուկը։ Բանկը միջոց չունի՞ տերմինալի գլխին մի հատ արևապաշտպան ծածկ կախելու, որ QR-ի սկանավորմանը չխանգարի, մարդ իր գործն արագ անի, հեռանա, ձեր քիթ ու մուննաթին չմնա։ Ուրիշ ի՞նչ գործ է անում տերմինալ դատարկողը։ Ինչ գործ էլ որ զուգահեռ անում է, ուրեմն դրանցից մեկը շատ վատ է անում։
Ամերիաբանկ, ՀՀ առաջատար բանկերից մեկը, ով ունի 0 հաճախորդակենտրոնություն, 0 կոմպետենտություն ու 0 սպասարկում։