Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին տղամարդու մարմինը


10:01 , 29 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։

Տեղում աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն էր անցկացրել, որին ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանը և Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։

Խորհրդակցությունը վերաբերում էր հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։

Տեղում վաղ առավոտվանից աշխատանքները վերսկսել էին ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի և Սևանի ջրասուզակները, որոնց միացել էր նաև ջրասուզակ Վահե Մելքոնյանը։

Փամբակ գետի ամբողջ երկայնքով որոնողական աշխատանքները շարունակում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի, Տարոնի և Բազումի բաժինների մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանի, Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանի և Տարոնի բաժնի պետի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Որոնողական աշխատանքներին միացել էին նաև մեծ թվով կամավորներ, ինչպես նաև ջրահեղձ եղած քաղաքացու հարազատներն ու ընկերները։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ համայնքային ոստիկանները պարզել էին, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել էին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն էր, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։

 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը, քանի որ շատ տեղերում ջրի խորությունը հասնում է մինչև 2,5-3 մետրի, շարունակում էին որոնողական աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

Ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։

Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

13:00
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում էին ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլիներ՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ էր, թե՞ ջրահեղձ էր եղել։