ՍԴ դիմելը, կարծում եմ՝ անհրաժեշտ պայման է, մեր բազմաթիվ գործընկերներ արդեն ասել են՝ ՍԴ-ի դիմաց են լինելու. Վարդևանյան


15:26 , 25 հունիս, 2026

Իրավական գործիքակազմի հետ կապված, շատ հստակ եմ ուզում արձանագրել՝ դրա չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս կատարելու, որը մենք պրակտիկայում տեսել ենք: Մենք տեսել ենք, թե ինչպես է, օրինակ՝ Սահմանադրական դատարան չդիմելը մեկնաբանվում այլ տիրույթում, դա կլինի ՀՀ-ի ներսում, թե հատկապես միջազգային ատյաններում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Սահմանադրական դատարանի կազմի հետ կապված խնդիրները հանրային և նաև միջազգային բնույթի բացահայտված տվյալներ են։ Այսինքն՝ այստեղ նույնիսկ իմ պնդումը, երբ ես կատարում եմ կազմի վերաբերյալ խնդիրների, խոչընդոտների՝ անհերքելի են, բայց արդյո՞ք դա բավարար է, որ ընդհանրապես Սահմանադրական դատարանում չվիճարկվեն ընտրության արդյունքները, այսինքն՝ նույն այդ տվյալները որպես փաստ չներկայացվեն, ես այդպես չեմ կարծում։ 

Արդյո՞ք նշվածն իրենից ենթադրում է որևէ գործողությունից խուսափել կամ այլն, բնավ ոչ։ Արդյո՞ք Սահմանադրական դատարան դիմելն է ինքնին պրոտեստի արտահայտումը՝ ոչ, բայց դա անհրաժե՞շտ պայման է, կարծում եմ՝ այո»,-նշել է նա:

Վարդևանյանն ասել է, որ շատ է կարևորում այն, որ իրենց բազմաթիվ գործընկերներ հայտարարել են՝ վաղը լինելու են Սահմանադրական դատարանի բակում։ Նա հավելել է, որ հանրությանը կներկայացնեն բոլոր փաստարկները, որից հետո պարզ կլինեն հետևություններն ու բողոքի արտահայտման հնարավոր ձևերը: