18:44 , 22 հունիս, 2026ArmLur.am-ը գրում է․
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում հունիսի 22-ին անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող վիճահարույց հայտարարություններ։
Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսներում և տաղավարներում ներկայացվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարբեր շրջանները։ Տարածված լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ ցուցադրություններում օգտագործվել է Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը ներկայացվել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Ավելին, «Արևմտյան Ադրբեջանի» սոցիալական ցանցերի էջերով տարածված տեսանյութերում որպես երաժշտական ուղեկցություն օգտագործվել է հայկական ժողովրդական «Քոչարի» պարը՝ առանց որևէ փոփոխության։ Հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը ներկայացվել է ադրբեջանական միջոցառման շրջանակում՝ առանց դրա հայկական ծագման մասին որևէ հիշատակման։
Տեսանյութերում երևում է նաև, որ փառատոնի մասնակիցները ցուցադրում են Հայաստանի տարբեր վայրերում արված հին լուսանկարներ՝ փորձելով ապացուցել, թե իրենց ընտանիքները նախկինում բնակվել են այդ տարածքներում։ Ցուցադրված լուսանկարների շարքում եղել են Երևանի Հանրապետության հրապարակում և Վայոց ձորի Նորավանք վանական համալիրի տարածքում արված կադրեր, որոնք ներկայացվել են որպես «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված պատմական հիշողության մաս։
Փառատոնի ընթացքում ելույթ ունեցած Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարներն ու Ադրբեջանի պաշտոնյաները կրկին խոսել են այսպես կոչված «վերադարձի իրավունքի» մասին՝ հայտարարելով, որ նման միջոցառումները ապագայում պետք է անցկացվեն նաև Զանգեզուրում և այլ վայրերում, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Մինչ Ադրբեջանում պետական աջակցությամբ շարունակվում են Հայաստանի պատմամշակութային ժառանգության, ժողովրդական մշակույթի և նույնիսկ աշխարհագրական տարածքների նկատմամբ հավակնություններ պարունակող միջոցառումները, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որևէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող գործընթացներին։
Հատկանշական է, որ վերջին տարիներին հայկական մշակութային արժեքների յուրացման կամ դրանց ադրբեջանական ներկայացման վերաբերյալ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, սակայն պետական մակարդակով արձագանքները հաճախ սահմանափակ են եղել կամ ընդհանրապես չեն հնչել։ Իսկ այս դեպքում ադրբեջանական պետական կառույցների մասնակցությամբ անցկացված փառատոնում ոչ միայն օգտագործվել են հայկական մշակութային տարրեր, այլև Հայաստանի Հանրապետության տարածքներն ու պատմամշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «Արևմտյան Ադրբեջանի» մաս, պահանջելով ապահովել նրանց բնակեցում ՀՀ տարածքում։



